211652_close_icon
views-count995 դիտում article-date 12:51 19-06-2019

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկվել է տնտեսությանն առնչվող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ընթացակարգերին, բաղադրիչներին և անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրի արագ մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։ ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում և դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։ Միաժամանակ, ԶՖԳ ներկայացուցիչները խոսել են գործակալության հետ համագործակցության հնարավորությունների մասին քաղաքներում ջրային համակարգի կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման և տարածքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Նախարար Խաչատրյանն ընդգծել է․ «Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն՝ ելնելով Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության օրակարգի գերակայություններից։ Առանց ինստիտուցիոնալ զարգացման և անհրաժեշտ ընթացակարգերի կառավարման բնագավառում երբևէ չենք կարող հասնել մեր նպատակին՝ հանրային ծառայությունների այնպիսի որակի ապահովմանը, որպեսզի սահմանափակ ռեսուրսներն օգտագործվեն առավելագույն օգուտներով։ Ֆիզիկական ենթակառուցվածքներն ընդամենը միջոց են, և առանց կառավարման ժամանակից տեխնոլոգիաների որակյալ ծառայությունների ապահովումն անհնար է։ Այս առումով ձեր մոտեցումները ճշգրիտ են առանձին ոլորտային ծրագրերի և ինստիտուցիոնալ ապահովման հարցերի միջև հավասարկշռություն ապահովելու գործում»։

Նմանատիպ նյութեր