211652_close_icon
views-count14118 դիտում article-date 19:29 18-06-2019

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողներն, ուժեղացված ծառայության շրջանակներում, օպերատիվ տվյալների հիման վրա ստուգումներ են իրականացրել մի քանի տասնյակ հանցավոր հեղինակությունների բնակության վայրերում։ Տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 33 անձ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված, առանց վարորդական իրավունքի վկայականի, տրանսպորտային միջոցը առանց համարանիշերի շահագործող 4 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է շուրջ 139 արձանագրություն։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Աշտարակում, Ապարանում, Թալինում և այլուր իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար բաժիններ են բերվել մարզում բնակվող քրեական հեղինակություններ, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող»։ Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 66 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա, որոնցից 6-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, 2-ինը վարորդական իրավունքիի վկայական չեն ունեցել, մյուսներինը այլ խախտումների համար։ Ոստիկանույան ծառայողները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 5 քրեական հեղինակության և 13 նախկինում դատապարտված անձանց։ Բերման են ենթարկվել նաև անձինք, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ 14 վարորդի, որոնց մեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածքներ։ Ընդհանուր առմամբ՝ երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 63 մեքենա։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման են ենթարկվել ու բերվել 147 անձ։ Մի քանի դեպքով հարուցվել է վարչական վարույթ։ Ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների, ինչպես և Լոռին սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Արդյունքում հայտնաբերվել է ճանապրհային երթևեկության կանոնների 54 խախտում։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ապօրինի փայտանյութով բեռնված մեկ բեռնատար։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայությունն իրականացրել են 84 կարգախմբերով, որոնք շրջել են ողջ մարզով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Կարգազանց 155 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային ստորաբաժանումներ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել բազմաթիվ անձինք, այդ թվում ՝ քրեական հեղինակություններ։ Հայտնաբերվել են սառը զենքեր ու մեկ հետախուզվող անձ։ Ստուգումներ են իրականացվել մարզում բնակվող, այսպես կոչված՝ «օրենքով գողերի» բնակության հասցեներում։ Վայոց ձորի ոստիկանները ևս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 17 խախտում, 4 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է նաև լռության կանոնների խախտման մեկ դեպք, որի փաստով կազմվել է արձանագրություն։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Գեղարքունիքում մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 155 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծել երթևեկության անվտանգության նկատմամբ։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերմանն են ենթարկվել ավելի քան 80 անձ, կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել թմրամիջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ուժեղացված ծառայության մասին պատմող տեսաշարը եզրափակենք՝ անդրադառնալով Տավուշի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Ճանապարհային ոստիկանության և բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաև մի խումբ անձինք։ ՀՀ ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումները նույն հետևողականությամբ ու վճռականությամբ շարունակելու են ուժեղացված ծառայություննր իրականացնել ողջ երկրում՝ հանդուրժողականություն ու ներողամտություն չցուցաբերելով իրավախախտների և օրինախախտների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիներ հորդորում ենք պահպանել օրենքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր