211652_close_icon
views-count862 դիտում article-date 17:51 17-06-2019

Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար այցելել են Երուսաղեմ և այժմ մինչև վերադառնալը ցանկանում են նաև հաղորդակցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբությանն ու զորությանը և ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը: Այցից իրենց տպավորությունները ներկայացրին նաև ուխտավորները: Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հայորդիներին, անդրադարձ կատարեց տարեսկզբին Ավստրալիա կատարած իր հովվապետական այցին` փաստելով հայ համայնքի հայաշունչ և եկեղեցասեր կյանքի մասին: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մելբուռնի հայ համայնքի համախմբվածությունն իրենց հոգևոր հովվի շուրջ` նշելով, որ հոգևորականի այդչափ սիրված լինելն է երաշխիքը համայնքի պայծառության և հայկական ինքնության պահպանության: Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում և դրան միտված բազմապիսի ծրագրերի իրականացումը: Վեհափառը վստահությամբ արձանագրեց, որ այս ճամփորդությունն առավել պետք է զորացնի հայորդիներին իրենց հավատքի մեջ, որպեսզի վերադառնալուն պես առավել նախանձախնդրությամբ շարունակեն իրենց ազգային առաքելությունը և բարի օրինակ լինեն իրենց զավակների համար: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:

Նմանատիպ նյութեր