211652_close_icon
views-count3630 դիտում article-date 15:41 17-06-2019

Համաշխարհային գյուտարարը բժշկական համալսարանում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայազգի անվան բժիշկ, ֆիզիկոս և գյուտարար Ռայմոնդ Դամադյանն այսօր ԵՊԲՀ-ում էր: Գիտական խորհրդի հանդիսավոր նիստում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծող Ռայմոնդ Դամադյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։ Աշխարհահռչակ գյուտարարի հետ հանդիպումը սկսվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնից, որտեղ նա ներկայացրեց իր կողմից ստեղծված սարքի կարավորությունը՝ մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ: Ռայմոնդ Դամադյանի խոսքով՝ ՄՌՏ-ն այսօր հնարավորություն է տալիս իրականացնել ավելի արդյունավետ բուժում՝ կարճ ժամկետներում: «Բժշկության մեջ ՄՌՏ-ն մեծ հեղաշրջում մտցրեց: Մասնավորապես պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդներն այսօր առավել ճշգրիտ ախտորոշում են ստանում»,-ասաց Ռայմոնդ Դամադյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ բժշկության մեջ կարևորագույն հեղաշրջում կատարած անվանի գյուտարարի այցը մեծ կարևորություն ունի ինչպես բուհի, այնպես էլ ուսանողների համար: «Համալսարանի հաջողությունը, շարժիչ ուժն ուսանողությունն է: Տեսնելով իրենց հայրենակցին, ով կարողացել է նման հայտնագործություն անել՝ սովորողները պետք է լցվեն մեծ հավակնություններով ու ոգևորությամբ՝ ոչ թե կրկնօրինակելով, այլ գերազանցելով վերջինիս»,-նշեց ռեկտորն՝ ավելացրեց, որ ինովացիոն, պրպտուն միտքը տարիք չի ճանաչում, և այսօրվա հայ սերունդը ևս կարող է նոր հայտնագործությունների հեղինակ դառնալ: ԵՊԲՀ-ն հետևելով Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կոչին, նախատեսում է իր դիրքորոշումն ուղարկել Նոբելյան մրցանակի կոմիտեին, որպեսզի, չնայած ուշացումով, բայց մեր հայրենակիցը ստանա Նոբելյան մրցանակ՝ ՄՌՏ-ի հայտնագործման համար: Ռայմոնդ Դամադյանը Հայաստան է այցելել Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով՝ ռադիոլոգիայի հայկական համագումարի շրջանակներում: Նշենք, որ ՄՌՏ-ի հայտնագործումը կարևորագույն հեղաշրջում էր բժշկության մեջ՝ մի շարք հիվանդությունների, հատկապես, քաղցկեղի ախտորոշման հարցում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր