211652_close_icon
views-count63496 դիտում article-date 10:40 15-06-2019

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Իջևանում կրակել են Լուսահովիտ գյուղի 35-ամյա գյուղապետի վրա. վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Իջևանի հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Երեկ՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք՝ տեղաշարժով, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գեորգի Միրզոյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Սարհատյանն է, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն; Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գ. Սարհատյանը հրազենային վնասվածքը ստացել է Իջևան քաղաքի Անկախության 2ա հասցեի դիմաց, որտեղից իրավապահները հայտնաբերել են որսորդական հրացանից արձակված կրակոցի և արնանման հետքեր։ Փաստի առթիվ Ե. Գալստյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև դեպքի վայր հասնելը, Գ. Սարհատյանը իր մի քանի ընկերների հետ կերուխումի է մասնակցել Ենոքավանում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Սարհատյանը Լուսահովիտ գյուղի գյուղապետն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր