211652_close_icon
views-count1147 դիտում article-date 21:14 14-06-2019

ԵՊՀ մանրեաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում. հանդիպում-քննարկում աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում: Միջոցառմանը ներկա էին հայաստանյան մի շարք ընկերությունների՝ «Armenia Wine» գործարանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի, «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի, «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի, «Երևանի շամպայն գինիների գործարան»-ի, «Աշտարակ-Կաթ» և «Բջնի և Նոյ» ընկերությունների ներկայացուցիչներ: Շրջայցից հետո մասնակիցները հավաքվեցին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: «Կենտրոնը համալսարանում դիտվում է որպես գերազանցության կենտրոն, որը նպատակ ունի ապահովելու համալսարանի և արդյունաբերական համապատասխան ոլորտների միջև կապը»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը: Նա ներկայացրեց նաև համալսարանի կողմից մշակված ձեռնարկությունների հետ համագործակցության ուղղությունները՝ ձեռնարկությունների ներկայացուցիչների ներգրավումը որպես դասավանդող, ուսանողների պրակտիկայի կազմակերպում ձեռնարկություններում և այլն: ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, խոսելով համալսարանի գիտահետազոտական լաբորատորիաների և կենտրոնների հետ հնարավոր համագործակցությունների մասին, նշեց, որ դրանց թիվը 30-ից ավելի է: «Կարծում եմ, որ սննդի որակի, սննդի անվտանգության բնագավառին վերաբերող հարցերում պետք է ակտիվ լինել»,- նշեց Արսեն Բաբաջանյանը՝ միջոցառմանը մաղթելով արդյունավետ ընթացք: Կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը պատմեց կենտրոնի մասին՝ նշելով, որ այն ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Նշենք, որ կենտրոնը հնարավորություն ունի կադրեր պատրաստելու և իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև խորհրդատվական, թեստավորման և այլ ծառայություններ մատուցելու սննդի, ալկոհոլային խմիչքների, դեղագործական արտադրությունների, տարբեր բժշկական լաբորատորիաների և թեստավորման կենտրոնների, պետական մարմինների և ծառայությունների՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում գտնվող կազմակերպությունների համար։ Ներկայացնելով կենտրոնի հիմնական ուղղությունները՝ Կարեն Թռչունյանը պատմեց «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագրի մասին՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ծրագիրը ստեղծվել է՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով և պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա: Կարեն Թռչունյանը կարևորեց վերապատրաստումներն ու ամառային դպրոցները՝ որպես կենտրոնի համագործակցային ուղղություն: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ներկայացնելով կենտրոնի ստեղծման պատմությունը, նշեց, որ այն նպատակ ունի աջակցելու աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև նպաստելու ուսանողների, շրջանավարտների և հնարավոր գործատուների միջև արդյունավետ կապի ապահովմանը: Լիլիթ Հակոբյանը, խոսելով կենտրոնի գործառույթների մասին, առանձնացրեց աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, պրակտիկաների, փորձաշրջանի կազմակերպումը, ինչպես նաև բազմաթիվ դասընթացների, ցուցահանդեսների, աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը: Լիլիթ Հակոբյանը նշեց նաև «Վորլդ Վիժն» Հայաստանի, «ԱՄՔՈՐ»-ի և մի շարք այլ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Միջոցառումն ավարտվեց ոլորտի ներկայացուցիչների և կենտրոնի մասնագետների միջև քննարկմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր