211652_close_icon
views-count1317 դիտում article-date 16:45 14-06-2019

Դուբլինում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառում

Հունիսի 11-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Լոնդոնում ՀՀ դեսպանության դիվանագետ Արամ Արարատյանը: Միջոցառումը կազմակերպվեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի կողմից՝ Իռլանդիայի Եվրոպական շարժման հետ համագործակցությամբ և Եվրամիության խորհրդում Ռումինիայի նախագահության հովանու ներքո: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Իռլանդիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաքէնթին (Helen McEntee), ով ընդգծեց, որ Իռլանդիան շարունակելու է ակտիվորեն աջակցել ԱլԳ ծրագրին, որը 10 տարիների ընթացքում բազմաթիվ հաջողություններ է արձանագրել, այդ թվում՝ տնտեսական կապերի զարգացմանը ինչպես ԵՄ անդամ և գործընկեր պետությունների միջև, այնպես էլ նախաձեռնության 6 երկրների միջև: Տեսանելի հաջողությունների շարքում պետնախարարը, մասնավորապես, նշեց Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը և Հայաստանի հետ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ վերջինիս վերաբերյալ հույս հայտնելով, որ Իռլանդիան կվավերացնի այն մինչև տարեվերջ: Իր ելույթում և այնուհետև՝ գործընկեր-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ընթացքում, ՀՀ ներկայացուցիչն ընգծեց, որ ԱլԳ-ն մեծ դերակատարություն է ունեցել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման և ընդլայման գործում՝ օժանդակելով մեր երկրի կայուն զարգացմանը: Նկատելով, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, դեսպանության ներկայացուցիչը նշեց, որ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք նաև ընկած են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքում: Հայաստանի ներկայացուցիչը նաև ընդգծեց մարդկանց միջև շփումների և այդ համատեքստում տեղաշարժի համար մուտքի արտոնագրի անհրաժեշտությունը: Ելույթներով հանդես եկան նաև Իռլանդիայում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռումինիայի դեսպանը, որի երկիրը նախագահում է Եվրամիության խորհուրդում:

Նմանատիպ նյութեր