211652_close_icon
views-count832 դիտում article-date 15:27 14-06-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ և նվերներ ընծայել փոքրիկ ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ առաջնորդությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի եկած թեմի կիրակնօրյա դպրոցների շուրջ 240 սաների հետ: Հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը` Սիոն Սրբազանը նշեց, որ Արմավիրի թեմի տարբեր շրջաններում գործող կիրակնօրյա վարժարանների սաները Մայր Աթոռ են այցելել՝ իրենց սերը, հարգանքն ու հավատարմությունը հայտնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հանդեպ: Այնուհետև նախաձեռնության առիթով իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մանուկներին, պատանիներին և ուսուցիչներին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը: Նորին Սրբությունը կարևոր նկատեց թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների առաքելությունը, որի շնորհիվ հայորդիները հնարավորություն են ստանում ուսանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենսաբեր պատգամները, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմությանը և նրա սրբություններին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կիրակնօրյաների սաներին հորդորեց Աստծո սիրո մեջ հասակ առնել, լավ սովորել և ազգի արժանի զավակներ դառնալ` Աստծո պատվիրաններին հավատարիմ կազմակերպելով իրենց կյանքի ընթացքը: «Եկեղեցու հովանու ներքո լինել՝ նշանակում է լինել միաժամանակ աստվածասեր և հայրենասեր անձ: Այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են՝ աստվածսիրություն և հայրենասիրություն: Դրանք մեր պատմության նվիրագործված հասկացություններն են՝ մեկ ամբողջություն դարձած: …Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը, ազգի անցած ուղին, մղած պայքարները, նրա արժեքային ողջ համակարգը, իսկ մեր պարագային այդ ամբողջը շաղախված է քրիստոնեական հավատքով, աստվածսիրության զգացումով», - ասաց Վեհափառ Հայրապետը` նշելով, թե ինչպե՛ս կարող է որևէ մեկը ազգը սիրել և չսիրել առ Աստված սիրով և երախտագիտությամբ կերտված արժեքները, հայրենի երկիրը զարդարող վանքերն ու եկեղեցիները, չսիրել մեր պատմությունը, հերոսական ոգին մեր ժողովրդի, որ մշտապես մարտեր է մղել իր հավատքի պաշտպանության և հայրենյաց սիրո համար: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր սպասավորներին կիրակնօրյա դպրոցների գործունեությունն ուշադրության կենտրոնում պահելու և սաների հանդեպ հոգածություն դրսևորելու համար: Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը նվերներ ընծայեց փոքրիկ ուխտավորներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր