211652_close_icon
views-count2292 դիտում article-date 21:48 13-06-2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծեցին, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը լավ առիթ է՝ ամփոփելու և գնահատելու խորհրդի առաջին նիստից հետո կատարված աշխատանքները և ուրվագծելու գործընկերության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորեց կառավարության որդեգրած բարեփոխումների և զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Բարձր հանձնակատարի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը և այս տեսակետից կարևորեց հրադադարի անվերապահ պահպանումը և ամրապնդումը: Երկուստեք արժևորեց վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Նմանատիպ նյութեր