211652_close_icon
views-count1419 դիտում article-date 22:18 12-06-2019

Աբու Դաբիում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների, առևտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, գիտակրթական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին ս.թ. մայիսի 2-3-ը Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման, ինչպես նաև ՀՀ և ԱՄԷ համապատասխան գերատեսչությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և միջազգային կառույցներում փոխգործակցությանը: Խորհրդակցությունների ավարտին Գրիգոր Հովհաննիսյանը Խալիֆա Շահին ալ-Մրրիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Նմանատիպ նյութեր