211652_close_icon
views-count1950 դիտում article-date 10:47 12-06-2019

Ճահիճը և հեղափոխությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երիտասարդ աղջիկը, որը մեր շատ երիտասարդների նման 21-րդ դարի անկախ Հայաստանի քաղաքացի է, նկատողություն է արել երթուղայինի վարորդին՝ մեքենայում ծխելու համար: Վերջինս, որը դեռևս ֆեոդալական Հայաստանի «խեղճուկրակ» բնակիչ է, նկատողությանը պատասխանեց լկտիաբար՝ էդ էր պակաս աղջկա ասելով սիգարետ հանգցներ: Բայց հետաքրքիրը նույն ֆեոդալիզմի շրջանում ապրող կանանց վարքն էր՝ երթուղայինի մնացած ուղևորները անվերապահ սատարեցին կարգազանց վարորդին՝ «դե, տղամարդ է, նյարդայնացել է» ու սկսեցին կշտամբել օրինական պահանջ ներկայացրած աղջկան, որը մնաց միայնակ ագրեսիվ «ճահճի» դեմ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ «ճահիճը» մեկ տարի առաջ հեղափոխություն արել: Փորձեմ պատասխանել այդ հարցին, բայց սկսեմ մի քիչ հեռվից: «Մենք վատ էինք ապրում, որովհետև մեզ թալանում էին»: Այս թեզի շուրջ կա լայն հասարակական կոնսենսուս: Ավելին՝ «մենք հիմա էլ ենք վատ ապրում, որովհետև մեզ 20 տարի թալանում էին, էս ջահելներն էլ չեն կարողանում երկիրը կարգի բերել»: Այս թեզի շուրջ նույնպես հիմնականում կա համաձայնություն: Մարդիկ չեն սխալվում՝ եթե «թալանելու» տակ նրանք հասկանում են իշխանավորների և նրանց հետ փոխկապակցված օլիգարխիայի անօրինական վարքը, ապա այդպես էլ կա: Բայց դա ճշմարտության կեսն է, նույնիսկ՝ ճշմարտության 30-40 տոկոսը: Իսկ ճշմարտության մնացած կեսը կամ 60-70 տոկոսը հետևյալն է՝ «ես լավ չեմ ապրում, որովհետև ինքս սխալ վարք եմ դրսևորում՝ ծույլ եմ, նախանձ եմ, վախկոտ եմ, նախաձեռնող չեմ, օրենքները չեմ հարգում, օրենքները խախտելու և հակահասարակական վարք դրսևորելու հանդեպ հանդուրժող եմ, այդ խախտումների համար հազար ու մի «արդարացում» եմ գտնում, ինքս եմ խախտում կամ օգտվում եմ խախտումների օգուտներից, շարունակում եմ մտածել, որ միայն այդպես է հնարավոր «ընտանիք պահել» և այլն և այլն»: Այդ թեզի վերաբերյալ Հայաստանում չկա ոչ մի համաձայնություն: Հիմա էլ այս տողերի համար ինձ հաստատ հակադարձելու են՝ «ինչո՞ւ ես էս խեղճ ժողովրդին մեղադրում»: Բայց մեր ժողովուրդը խեղճ չի, սովորական ժողովուրդ է, մնացածներից ոչ լավն է, ոչ վատը: Պարզապես ցանկացած երկրում կա որոշակի հիմնական զանգված, որը հետևում է այդ երկրի մշակութային ավանդույթներին: Գերմանիայում, օրինակ, այդ զանգվածը (որի մեջ մտնում են նաև հայերը) գիտի, թե ինչ է Պետությունը, Օրենքը, պատասխանատվությունը, համակեցությունը: Իսկ Հայաստանում հիմնական զանգվածը դա չգիտի և չի էլ ուզում իմանալ: Վարորդը ու նրան սատարող կանայք հենց այդ մեծամասնությունից են: Ինչպե՞ս է այդ զանգվածը հեղափոխություն արել: Եթե այդ մարդիկ մասնակցել են փողոցներ փակելուն, ապա մեխանիզմն, ըստ ամենայնի, հետևյալն է. նրանք վստահ էին, թե որն է իրենց վատ ապրելու պատճառը, տեսնում էին, որ երիտասարդներն ընդվզում են, համոզվել էին, որ նրանց դեմ առանձնապես ուժ չի կիրառվում, հետևաբար, դա քիչ թե շատ անվտանգ է, և նրանք էլ որոշեցին մասնակցել, մտածելով՝ գուցե «թալանչիները» գնան և դրանից իրենց կյանքը կլավանա: «Թալանչիները» գնացին, կյանքը չլավացավ: Որովհետև հիմնական զանգվածը մնաց նույնը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր