211652_close_icon
views-count3214 դիտում article-date 20:38 11-06-2019

Կիպրոսի Լառնակա քաղաքում տեղի է ունեցել «Արվեստ առանց սահմանների» խորագրով նախագիծը. մասնակցել է նաև Հայաստանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կիպրոսի Լառնակա քաղաքում հունիսի 1-10-ը տեղի ունեցավ «Art without Borders» Արվեստ առանց սահմանների խորագրով նախագիծը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իտալիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Կիպրոսի հնգական երիտասարդ արվեստագետներ: Նախագիծը իրականացվել է «ERASMUS+» երիտասարդների փոխանակման ծրագրի շրջանակներում՝ Կիպրոսի Ազգային գործակալության աջակցությամբ: Նախագծի Հայաստանյան համակարգողն է Երջանիկ երիտասարդություն ՀԿ-ն: Այս երկրների երիտասարդներին միասին հավաքելու գաղափարը ծնվել է նրանից, որ այդ երկրներն ունեն որոշակի դժվարություններ իրենց սահմանների վերաբերյալ, իսկ նպատակը՝ արվեստը, որպես մասնակիցներին միավորող միջոց օգտագործելով, ցույց տալ, որ նրանք կարող են խոսել արվեստի լեզվով: Համակարգողները մասնակիցներին պատահականորեն, այլ ոչ թե ազգային խմբերով տեղաբաշխելով սենյակներում, լավ հնարավորություն ստեղծեցին հաղորդակցվել և համագործակցել նախագծի հենց սկզբից: Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելեցին տեղական ՀԿ-ներ Նիկոսիայի բուֆերային գոտում, որը գտնվում է հունական և թուրքական հատվածների միջև, ծանոթացան նրանց խաղաղասիրական ծրագրերին, գործունեությանը։ Ավանդական արվեստի, արհեստների և ընդհանուր առմամբ երկրների ներկայացումներով՝ մասնակիցներն ավելի խորը պատկերացում ստացան միմյանց ավանդույթների և ապրելակերպի մասին: Յուրաքանչյուր երկիր արվեստի և արհեստի տեխնիկաների ներկայացման և միասնաբար ստեղծագործելու նպատակով կազմակերպեց աշխատարան: Դրանց ընթացքում վրացական թիմը իրականացրեց շապիկների դիզայնի և նկարչության աշխատարան, ռուսները ներկայացրեցին կեչու ծառի կեղևից ավանդական ապարանջանների պատրաստումը և կավից քանդակների ստեղծումը, իտալացիները իրականացրեցին իտալական նկարիչների գլուխգործոցների ժամանակակից ինտերպրետացիան ինտերակտիվ ձևով, հույները ցուցադրեցին նկարչություն սև ներկապատ կտավների քերծելու միջոցով: Հայկական թիմի հետ մասնակիցները կտորի վրա նկարեցին հայկական զարդանախշերով գունագեղ գորգ, իսկ թուրքական թիմը ցույց տվեց Էբրուի հինավուրց արվեստը, որի ընթացքում մասնակիցները ստեղծեցին վերացական նկարներ ջրի վրա: Այս բովանդակալից սեմինարներին հաջորդեցին բազմաբնույթ մշակութային րնթրիքներ, որոնց ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց ուտեստները և ըմպելիքները: Սկսած իտալական մակարոնեղենից մինչև հունական տզատզիկի, թուրքական Էզոգելին ապուր ու հայկական հաճարով սնկով փլավ, վրացական լոբիոյից մինչև ռուսական ակրոշկա՝ բոլորը մասնակիցների ձեռքով պատրաստված: Մասնակիցները ծանոթացան այլ երկրների խոհանոցներին և գնահատեցին միմյանց խոհարարական հմտությունները: Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ սահմանային տարաձայնություններ ունեցող երկրների մասնակիցները, որոնք կարող էին միմյանց հանդեպ բացասական կարծրատիպեր ունենալ, աշխատել են որպես մեկ թիմ, միասին հաղթահարել են դժվարություններ: Ավարտին մասնակիցները հանդես եկան նոր նախագծերի գաղափարներով և համագործակցության առաջարկներով, որոնք բոլորը ընդունեցին բաց սրտով, դե իսկ արվեստագետները միմյանցից բաժանվել են միասնության զգացումով և քաջալերված են խաղաղության տարածման և առկա դժվարությունները լուծելու համար երկխոսելով։ Ծրագիրը շարունակական է, և 2020թ.-ի նախագծին մասնակցելու համար կարող եք հետևել հայաստանյան համակարգող կազմակերպության ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/HappyYouthNGO/
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր