1501 դիտում
15:50 11-06-2019
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն. հայտնաբերվել են մի շարք թերացումներ
Հունիսի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:
Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող պացիենտներին առնչվող փաստաթղթերը:
Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ և սոցիոլոգ, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):
Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.
• կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
• բժշկական փաստաթղթերի վարման հետ կապված խախտումներ կամ այդ փաստաթղթերի ոչ պատշաճ վարում,
• հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
• հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք ողջ երկրում ունեն համակարգային բնույթ և շարունակ լուծում չեն ստանում՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների,
• հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ,
• հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների սոցիալական անբավարար երաշխիքներ՝ ներառյալ աշխատավարձ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավություն կամ բացակայություն, և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև հնարավոր այլ իրավասու սուբյեկտների:
Պետք է նշել, որ այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել առանձին սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ:
Հոգեբուժական հաստատության տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ աշխատել վեր հանված խնդիրների վերացման, պացիենտների իրավունքների ապահովման վիճակի բարելավման, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում բուժանձնակազմի կարողությունների զարգացման և իրավական իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական կազմակերպության այս մոտեցումը և ևս պատրաստակամություն է հայտնում նպաստել վեր հանված խնդիրների լուծմանը:
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
11:55 13-12-2018
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Արմաշի առողջության կենտրոն. արձանագրվել են խնդիրներ
Այս բաժնից
982 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»