211652_close_icon
views-count4167 դիտում article-date 13:30 10-06-2019

Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը. հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, որ ընտրություններից մեկ օր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց Աբովյանի քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցման մասին, վարչապետն ասաց. «Պետք է քրեական գործերի բովանդակությունն իմանաք և համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի»: Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուի պարտությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն»: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ հեղափոխությունը դեռ Աբովյան չի հասել: Մեկնաբանելով մարզպետի այս հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինքը այլ կոնտեքստում է դա ասել»: Հարցին, թե ՔՊ-ի վարկանիշի վրա ինչպես կազդի ընտրություններում պարտությունը, վարչապետը պատասխանեց. «Հեղափոխությունից երկու ամիս անց մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ իշխանության թեկնածուին ոչ ոք չհաղթի»: Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե: Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր