211652_close_icon
views-count4332 դիտում article-date 09:45 09-06-2019

Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են անցկացվում

Աբովյան քաղաքում այսօր՝ հունիսի 9-ին, քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։ Քարոզարշավի ընթացքում պայքարն առավելապես ընթացել է թեկնածուներից երկուսի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական ու Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է ու գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև: Իշխող թեկնածուին աջակցելու համար օրերս Աբովյանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդ է վերցրել՝ իրենց թեկնածուին օգնելու համար: Գործող քաղաքապետն էլ կարծում է, որ մարդիկ իր պաշտոնավարման ընթացքից գոհ են: Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։ Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության ևս 22 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Նմանատիպ նյութեր