211652_close_icon
views-count1849 դիտում article-date 16:02 08-06-2019

Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին

Հունիսի 6-ին կյանքից հեռացած գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին, ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից։ Ադալյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Ինչպես հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։ 1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։ 1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ 2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։ Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները, իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները:

Նմանատիպ նյութեր