211652_close_icon
views-count1745 դիտում article-date 12:16 08-06-2019

Մարդկային կյանքի փրկությունը գերխնդիր է. Ֆելիքս Ցոլակյան

Հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի առաջին կանգառն ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունն էր, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջեց վարչության տարածքով, ծանոթացավ շենք-շինության պայմաններին, վարչության անձնակազմին, նրանց աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին ու կարիքներին: Մարզի ընդհանուր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ֆ. Ցոլակյանն առաջարկեց քննարկել մարզային վարչության շենքում այլ շահագրգիռ կառույցներին աշխատանքային տարածք հատկացնելու հարցը: Բացի այդ, նախարարը հանձնարարեց բարեկարգել վարչության շրջակա տարածքը և կանաչապատ գոտին: Ֆ. Ցոլակյանի հաջորդ կանգառը Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատն էր, որտեղ նրան ներկայացվեցին ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, տեխնիկական զինվածությունն ու հագեցվածությունը: Ջոկատում ընդգրկված է շուրջ 40 ծառայող, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն: Գավառի ՀՓՋ այցից հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրին մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին Բնապահպանության փոխնախարար Ի. Ղափլանյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանը, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ՄՓՎ-ի աշխատակիցներ և այլք: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Սևանա լճի ավազանի հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելուն ու նոր հենակետերի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր: Խնդրի կարևորությունն այն է, որ այս տարի անցկացվելիք համահայկական խաղերի առնչությամբ մարզը կընդունի շուրջ 4000 մարզիկներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանը ներկայացրին ջոկատի գործառույթները, տեխնիկական զինվածությունը, հանրային լողափերում սպասարկման գոտիների բաշխվածությունը և այլն: «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանն ասաց, որ մասնավոր սեփականություն հանդիսացող լողափերում փրկարարական ջոկատներ չկան, և անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի հետ համագործակցության միջոցով մասնագետներ պատրաստել ջրափրկարարական աշխատանքների համար: Ֆ. Ցոլակյանը նշեց, որ այս հանդիպման առանցքային նպատակն է հստակեցնել բոլոր շահառու կողմերի գործառույթները: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես են իրականացվում Գավառի, Մարտունու և Շորժայի հարակից լողափերի փրկարարական աշխատանքները: Նա ընդգծեց, որ հնարավոր ամեն եղանակով պետք է լուծվի այս գոտիներում հենակետերի ստեղծման հարցը՝ կլինի դա նոր հաստիքների համալրման, թե գործուղումների միջոցով: Նախարարը հանձնարարեց կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը, բացի այդ, մեծ ուշադրություն դարձնել առաջին բուժօգնության տրամադրման հնարավորություններին: -Շատ կարևոր է գործին խղճով մոտենալը: Սրտանց և մարդկային պետք է կատարել փրկարարի աշխատանքը: Մենք միայն կրակ մարող չենք: Բնակչության պաշտպանությունը պետք է իրականացվի բոլոր առումներով ու համընդգրկուն, - ասաց նախարարը: Նա հանձնարարեց նաև բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ հանգստյան գոտիներում պետք է լինեն տեղեկատու վահանակներ ու ցուցանակներ: Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարեց 10 օրվա ընթացքում ներկայացնել ջրափրկարարական աշխատանքների բարելավման առաջարկների փաթեթ՝ բոլոր շահառու կողմերի հստակ դերաբաշխումով: Հանդիպումից հետո ԱԻ նախարարն այցելեց նաև Սևանի N32 ՀՓՋ: Նախարարը ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Էվելինա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջեց ջոկատի տարածքում, ծանոթացավ դիսպետչերական կետի, հանգստի սենյակների, պահեստի, մարզասրահի պայմաններին, տարբեր ծրագրերով ջոկատին հատկացված փրկարարական գույք-տեխնիկային: Նա համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել մարզի երկու խոշոր քաղաքների ջոկատների գույքի համալրման աշխատանքներին և ՀՓՋ-ներին հատկացնել փրկարարական փոքր մեքենաներ, որոնք նախատեսված են կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար: Այցելելով նաև Սևան քաղաքի N30 հատուկ ջրափրկարարական ջոկատ՝ ԱԻ նախարարը հանձնարարեց ձմռան սեզոնին մարզերում հենակետեր ծավալելու համար նախատեսված վագոն-տնակները տրամադրել ջրափրկարարական ջոկատին՝ ամառային սեզոնին Սևանի ավազանի տարբեր կողմերում հենակետեր ծավալելու համար: Ֆ. Ցոլակյանն ասաց, որ իր հանձնարարությամբ շատ շուտով կլուծվի նաև ջոկատի խմելու ջրի և սանհանգույցի խնդիրը: Մարզային շրջայցի ընթացքում պարզ դարձավ, որ փրկարարական ջոկատներում առկա են բազում խնդիրներ, որոնք վերաբերում են շենք-շինություններին, դրանց տարրական կենցաղային ու կոմունալ պայմաններին, գույք-տեխնիկային, քաղաքներին կապող ճանապարհներին: Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց խնդիրների լուծման համար առատ մատակարարումներ կատարել մարզային վարչությանը, բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերեց կապալառու շինարարական ընկերության հետ՝ ջրափրկարարական ջոկատի ճանապարհը բարեկարգելու համար:

Նմանատիպ նյութեր