211652_close_icon
views-count2086 դիտում article-date 15:38 07-06-2019

Կառավարությունն առաջարկում է նվազեցնել հարկատեսակները

ՀՀ կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկում է հինգաստիճան հարկային համակարգի փոխարեն ունենալ երեքը: Ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգերի փոխարեն կներդրվի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ: «[url=https://armenpress.am/arm/news/977625.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների փաթեթը ԱԺ հունիսի 7-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Այսօր ունենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար նախատեսված 3, երբեմն նաև 4 համակարգեր՝ ինքնազբաղված անձանց հարկային համակարգ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգ, շրջանառության հարկի համակարգ, արտոնագրային և ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային համակարգեր: Հարկային համակարգի բազմազանությունը բերում է հարկային օրենսդրության բարդության: Դրա արդյունքում մի կողմից տնտեսավարող սուբյեկտների համար բարդանում է հարկային հաշվառումը, մյուս կողմից հարկային մարմինների համար բարդանում է հարկային վարչարարությունը: Հետևաբար` առաջարկում ենք էականորեն պարզեցնել այս բազմազանությունը: Մասնավորապես ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի փոխարեն կներդրվի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ ընդ որում ընդլայնելով միկրոձեռնարկատիրության միջավայրը»,-ներկայացրեց Պողոսյանը: Ինքնազբաղված անձանց հարկման համակարգի առավելագույն շեմը 9 մլն դրամ է, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգինը՝ 18 մլն դրամ: Միկրոձեռնարկատիրության համար առաջարկվում է 24 մլն դրամ իրացման շրջանառության շեմ: Ինքնազբաղված անձինք չենք կարող ունենալ վարձու աշխատողներ, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները՝ միայն ընտանիքի անդամներից: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում այդպիսի սահմանափակում չկա: Այս հարկման համակարգում չկա նաև գործունեության իրականցման վայրի քանակի սահմանափակում: Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

Նմանատիպ նյութեր