211652_close_icon
views-count10927 դիտում article-date 19:52 06-06-2019

Կան հարուստներ և կան փող ունեցող աղքատներ. Այսօր ծնվել է Քըրք Քըրքորյանը

Այսօր Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է. ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն Քըրքորյանը կդառնար 102 տարեկան: Քըրք Քըրքոյանը ծնվել է 1917 թ.-ին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։ Սովորել է օդաչուական դպրոցում օդաչու-հրահանգիչ մասնագիտությամբ: Մինչև 1935թ. կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զբաղվել է օդանավերի, բաժնեթղթերի առևտրով, հյուրանոցային բիզնեսով: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգաս քաղաքի հիմնական բիզնես ֆիգուրներից մեկը և այդ մեգահանգստավայրի հայրը։ ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահն ու տերն էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բևերլի Հիլզ քաղաքում, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։ Ըստ «Ֆորբս» հանդեսի տեղեկությունների՝ Քըրքորյանի համընդհանուր նյութական կարողությունը 2007 թվականին գնահատվում էր 18 մլրդ դոլար, դրանով իսկ նրա ապահովելով աշխարհի մեծահարուստների շարքում 7-րդ տեղն ըստ Forbes–ի ցուցակի։ 2010 թվականին այն ցած էր իջել՝ կազմելով 3,1 մլրդ դոլար (307-րդ տեղը Forbes–ի միլիարդատերերի ցուցակում, իսկ 2012 թվականին բարձրացել էր 3,3 մլրդ դոլարի։ Նրա մահվան տարում՝ 2015 թվականին իր նյութական կարողությունը գնահատվում էր շուրջ 4,2 մլրդ դոլար։ Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին և Արցախին: Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001թ.-ից 210 մլն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու բնակարանաշինության, 20 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար: 1998թ. և 2005թ. Քըրքորյանն այցելել է Հայաստան: Դեռևս 1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի այն ժամանակվա Հայաստանի նախագահի կողմից: Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոս է հռչակվել: Պարգևատրվել է Հայրենիք շքանշանով: 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը: Մեծանուն հայը վախճանվել է իր սիրելի Բևերլի Հիլզ քաղաքում, 2015 թ.-ի հունիսի 15–ին, 98 տարեկան հասակում։ Թաղված է Ինգլվուդ Փարք գերեզմանոցում (Inglewood Park Cemetery, Լոս Անջելեսի կոմսություն, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ)։ Հայր և որդի Քըրքորյանները՝ Ահարոնը և նրա որդի Քըրքը, թաղված են նույն շիրմաքարի տակ։

Նմանատիպ նյութեր