211652_close_icon
views-count1098 դիտում article-date 12:25 06-06-2019

Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը: «2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8»,- ասաց նախարարը: Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար; «Արդեն 7 ամիս է պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն, ակնկալում եմ կառավարության միջնորդությունը, որովհետև 70-ականներից Կոնսերվատորիան վերանորոգման չի ենթարկվել»,-իր խոսքում նշեց Կոնսերվատորիայի ռեկտորը, ով կառույցը կղեկավարի 5 տարի ժամկետով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բռնությունից զերծ հասարակություն ունենալը։ «Այս առումով արվեստի դերը չափազանց մեծ է։ Երևանի Կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում և այն շատ կարևոր է»,-հավելեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր