211652_close_icon
views-count708 դիտում article-date 12:51 06-06-2019

Հայաստանի բոլոր մարզերում հաջորդ տարի կգործեն ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։ Ինչպես տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Այժմ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ փորձելով մեծացնել պետական աջակցությունը։ Ըստ նախագծի՝ հանրապետության բոլոր մարզերում գալիք տարվանից կունենանք աջակցության կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների պատվիրակման միջոցով։ Նաև նախատեսել ենք ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանների ստեղծում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը, առանցքային համարելով համայնքների հետ սերտ համագործակցությունը, խիստ կարևորել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ կարծիքների և դիտարկումների ներկայացումը: «Ունենք վեց կենտրոններ, որոնք ընտանեկան բռնության դեպքերով աջակցության գործառույթներ ունեն։ Երեքը Երևանում են, երեքը մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Շիրակում։ Հունիսի 7-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրելու «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության և «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ, որի շրջանակում ևս վեց աջակցման կենտրոններ կբացվեն մինչև տարեվերջ»,-ասել է նա: ԺաննաԱնդրեասյանը հորդորել է մարզերում գործող գենդերային հանձնաժողովներում քննարկման օրակարգային թեմա դարձնել գենդերային ռազմավարությունը՝ կոնկրետ առաջարկներ և տեսակետներ ներկայացնելու ակնկալիքով։ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող ոլորտային խնդիրների մասին՝ առաջարկելով հատկապես ուշադրություն դարձնել մասնավոր մանկապարտեզների գործունեությանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը և այլն։ ԺաննաԱնդրեասյանը, անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, նշել է, որ ապաինստիտուցիոնալացումը նախարարության քաղաքականության հիմնական սկզբունքներից է: «Մեր առաջնահերթությունը խնամատարության ինստիտուտի զարգացումն է, բայց այս ոլորտում մեծագույն խնդիր կա։ Ունենք ֆինանսավորում պետական բյուջեից, ունենք վերապատրաստված ընտանիքներ, սակայն, իրականում, այդ ծրագրի ցուցանիշները շատ վատ են»,-ասել է նա: Փոխնախարարը նաև էական է համարել երեխաների և նրանց ընտանիքների կարիքների որակյալ գնահատման իրականացումը։ Նա փաստել է, որ նախարարության առաջնային նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա կենսաբանական ընտանիքում, և այս գործում, միանշանակ, պետք է աջակցել: «Եթե առաջիկայում էլ լինեն կոնկրետ դեպքեր, երբ աջակցության պարագայում երեխաների՝ ընտանիքներ վերադարձը հնարավոր կլինի, տեղեկացրեք։ Նաև պետք է հստակեցնել, թե այդ ընտանիքները կոնկրետ ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն, և մենք՝ որպես լիազոր մարմին, հնարավորինս կարճ ժամկետում կապահովենք երեխաների՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունը»,-հավելել է նա:

Նմանատիպ նյութեր