211652_close_icon
views-count1151 դիտում article-date 16:33 05-06-2019

Հայաստանը և Ասիական զարգացման բանկը լավ գործընկերներ են. ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»: Հանրապետության նախագահը քաջալերել է բանկի ներկայացուցիչներին՝ ավելի ընդլայնելու կառույցի ծրագրերը Հայաստանում: Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանը և Ասիական զարգացման բանկը լավ գործընկերներ են. բանկի ակտիվ մասնակցությամբ նախորդ տարիների ընթացքում հանրային և մասնավոր սեկտորներում կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան և ընդհանրապես տարածաշրջան՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքը ներկա է եղել Աստանայի տնտեսական ֆորումին և շատ տպավորված է այնտեղ նախագահ Սարգսյանի հետաքրքիր ելույթից: «Ձեր խոսքերը ոգեշնչեցին բոլոր ներկաներին,- ընդգծել է նա: - Դուք խոսեցիք գլոբալիզացիայի, 21-րդ դարի մասին, անդրադարձաք ամենակարևորին՝ մարդկային կապիտալին, արհեստական բանականությանն ու ապագային, նշեցիք, որ տեխնոլոգիաները շատ են փոխվելու: ԱԶԲ-ում շատ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպիսին են լինելու տեխնոլոգիաներն ապագայում»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախագահական նախաձեռնությունների շրջանակում մտադիր է ձեռնարկել երկրի ապագային ուղղված մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է խթանել կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացումը: Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս ծրագրերի իրականացմանն Ասիական զարգացման բանկի հնարավոր մասնակցության մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր