211652_close_icon
views-count906 դիտում article-date 15:55 05-06-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մերսի Տեմբոնին Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված աշխատանքների և «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի մշակման և հաստատման համար: Մհեր Գրիգորյանը նշել է փաստաթղթի առանցքային կարևորությունը մշակվող այլ ռազմավարությունների համար: Որպես բարեփոխումների կարևոր ուղղություններ, որոնք նշված են նաև «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթում, փոխվարչապետն առանձնացրել է մարդկային կապիտալի զարգացումն ու ենթակառուցվածքային ծրագրերը: Փոխվարչապետը խոսել է նաև դատաիրավական ոլորտում սպասվող բարեփոխումներից և նշել դրանց անհրաժեշտությունը մարդու ազատությունների, իրավունքների և կապիտալի պաշտպանության տեսանկյունից: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը կառուցողական համագործակցության համար և նշել է, որ Համաշխարհային բանկը սատարում է ՀՀ կառավարությանը և կշարունակի աջակցել, որ նախանշված բարեփոխումներն ու տեսլականը իրականություն դառնան: Մերսի Տեմբոնը ներկայացրել է փոխվարչապետին ՀԲ-ի տարածաշրջանային հաջորդ տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, ով ընդգծել է, որ ուրախ է երկրի համար այս կարևոր փուլում ստանձնելու պաշտոնը և ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով աջակցելու բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պատրաստ է օժանդակելու փոխհամաձայնեցված ծրագրերի իրականացման գործընթացներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: ՀԲ-ի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել համախմբել և Հայստանի կառավարության հետ կիսվել ոլորտային ռազմավարությունների լավագույն փորձով: Փոխվարչապետը նշել է, որ այս փուլում ՀԲ-ի փորձագիտական և վերլուծական ներուժը կլինի անգնահատելի աջակցություն բարեփոխումների իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր