211652_close_icon
views-count616 դիտում article-date 15:01 05-06-2019

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանում նոր, հակակոռուպցիոն դատարան ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանում նոր, հակակոռուպցիոն դատարան ստեղծել։ Այս մասին վարչապետը հայտարարեց այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։ «Առաջիկայում մենք կստեղծենք հակակոռուպցիոն նոր դատարան և ամենակարևոր հարցը, օրինակ՝ շատ են ասում՝ մեկ տարի ինչու դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումներ չեն արվել։ Ասեմ՝ ինչու չեն արվել, որովհետև դուք գիտեք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք այսպիսի երևույթ, երբ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում սահմանված տեղերի քանակը դիմողներից ավելի է եղել։ Որովհետև մարդն ասում է՝ ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ, ինչի՞ համար։ Հիմա ինչո՞ւ եմ հեռվից գալիս, առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ։ Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք Հայաստանում արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդ համակարգը պատրաստի դրած էր։ Ես ինչու եմ դատարանների դռները արգելափակել, ցույց տալու համար, որ ինձ պետք չէ մարիոնետային դատական համակարգ»,- ասաց նա։ Ընդգծեց, որ բյուջեի միջոցներով հնարավոր է բարձրացնել դատավորների աշխատավարձերը, սակայն հանրությունն այս պահին այդ քայլը չի հասկանա։ «Բայց կասեն՝ սոցիալական իրավիճակում փոխանակ այս ու այն խնդիրը լուծեք, դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Բայց, եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը 400 հազար դրամով չի ցանկանա դատավոր աշխատել՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելու։ Եթե մեր միջազգային գործընկերները մեզ աջակցեն, երեք տարվա ընթացքում մենք, օրինակ՝ հակակոռուպցիոն դատարան ստեղծենք»,-պարզաբանեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր