211652_close_icon
views-count3945 դիտում article-date 13:29 05-06-2019

Էմոցիոնալ պահեր եմ ապրել այդ լուրը լսելուց հետո. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի Մարտի 1-ի գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը հետևողական է համարում։ Այսօր՝հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման փաստին։ «Բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել։ Բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց, որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008թ. Մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ, կարծում եմ՝ դա ակնհայտ է»,- ասաց Փաշինյանը։ Հավելեց, որ փաստահավաք խմբի հրապարակած նյութերից էլ երևում է, որ պաշտոնյաները փորձում են կոծկել ճշմարտությունը։ «Երևի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը։ Այնտեղ տեսարան կար, երբ մի պաշտոնյա ասում էր, որ ավտոմատները լցրել է մեքենայի բեռնախցիկը և բերել, բաժանել է մարդկանց»,- նշեց նա ։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ Երևանում զոհվել է 10 մարդ։

Նմանատիպ նյութեր