211652_close_icon
views-count1790 դիտում article-date 10:54 05-06-2019

Ինչո՞ւ են «հակասորոսական» տրամադրությունները սրվել հատկապես հիմա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Արևմտյան դավադրության» մասին խոսակցությունները ես լսում եմ շատ վաղուց: Դեռևս 1996 թվականին իշխանությունները համոզված էին, որ մի շարք երկրների հատուկ ծառայությունները Վազգեն Մանուկյանի և ԱԺՄ-ի ձեռքերով փորձում են ապակայունացնել երկրի իրավիճակը և վատթարացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Հետագայում «արևմտյան դավադիրներին» սկսեցին կոչել «սորոսականներ»՝ նկատի ունենալով ոչ միայն Բաց հասարակության ինստիտուտը, այլև «այն կողմերից եկած» ցանկացած կազմակերպություն, որը որոշել է կործանել մեր ազգը: Իսկ ո՞րն է, իմ կարծիքով, իրական պատկերը: Արևմուտքն, անշուշտ, աշխատում է Հայաստանում՝ իր շահերից ելնելով: Ընդ որում, «Արևմուտք» հասկացությունն ինքը բազմաշերտ է: Միացյալ Նահանգների և ԵՄ-ի շահերը մեր երկրում կարող են ամբողջությամբ չհամընկնել, ավելին՝ Ֆրանսիան և, ասենք, Լեհաստանը նույնպես, ենթադրաբար, տարբեր նպատակներ են հետապնդում Հայաստանում: Սորոսի և մնացած հիմնադրամները դարձյալ ելնում են որոշակի արևմտյան շրջանակների շահերից: Ծայրահեղ միամտություն կլիներ կարծել, որ որևէ երկիր կամ կազմակերպություն որևէ հարցում մաքուր ալտրուիզմ է դրսևորում: Բացառված չէ նաև, որ նրանց նպատակներից մեկը լինի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումը: Բայց չէ՞ որ Ռուսաստանն էլ է աշխատում մեր երկրում: Իհարկե, յուրովի՝ ավելի կացնային, պակաս թափանցիկ մեթոդներով, բայց աշխատում է՝ իր շահերին համապատասխան: Այդ ամենը, համաձայնեք, սենսացիոն բացահայտում չէ, և այնպես չէ, որ տարբեր ուժային կենտրոնների ջանքերը բացահայտվեցին հենց 2018 թվականին: Սակայն ինչո՞ւ են «հակասորոսական» տրամադրությունները սրվել հատկապես հիմա: Եթե այդ տրամադրությունների կրողներն ուզում են ասել, որ անցած տարվա հեղափոխությունը «սորոսներն» են կազմակերպել, ապա դա բացահայտ սուտ է՝ նախորդ իշխանությունից դժգոհությունը հսկայական էր և այն «տաքացնելու» համար որևէ արտաքին միջամտություն պետք չէր: Եթե նրանց ասածն այն է, որ ներկայիս պատգամավորներից և պաշտոնյաներից շատերը կապ են ունեցել այդ հիմնադրամների հետ, ապա դա ճիշտ է, ու նաև բնական է. մարդիկ ուզում էին հասարակական, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերեին՝ չլինելով «երիտ-ՀՀԿ-ականներ» կամ «բազեներ»: Եթե «հակասորոսականների» ասածն է, որ արևմտյան ուսումնական կենտրոններում և հիմնադրամներում այդ պաշտոնյաներին և պատգամավորներին որոշակի գաղափարներ են «ներարկել», ապա դրա մեջ էլ ճշմարտության որոշակի հատիկ կա: Պետք է սակայն հստակեցնել, թե որոնք են այդ գաղափարները: Եթե արդար ընտրություններն են, ազատ խոսքը, քաղաքական բազմազանությունը, ապա անձամբ ես, անկախ բոլոր տեսակի «սորոսներից», այդ գաղափարներին կողմ եմ: Կան մարդիկ, որոնք այդ գաղափարներին դեմ են, բայց ուղիղ չեն ասում: Դրա համար էլ փնտրում են ինչ-որ դավադրություններ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր