211652_close_icon
views-count836 դիտում article-date 18:45 03-06-2019

Ամփոփվեց «ԵՊՀ Օլիմպիադա-2019»-ը. Լավագույնները պարգևատրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ արդեն 11-րդ տարին անցկացվող դպրոցական օլիմպիադային այս տարի մասնակցել են 189 հանրակրթական դպրոցների շուրջ 2298 աշակերտներ: Լավագույն արդյունքի հասած մասնակիցներից 95-ն այսօր արժանացան առաջին, երկրորդ և երրորդ կարգերի դիպլոմների, իսկ 183-ը՝ գովասանագրերի: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի ակտիվ մասնակցել են 25 դպրոցներ, որոնք պարգևատրվել են ԵՊՀ շնորհակալագրերով և գրքերով: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Մինչհամալասարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը, վարչության աշխատակիցները, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով լավագույն արդյունքներ ցուցաբերածներին՝ Մենուա Սողոմոնյանն ընդգծեց, որ այս սերունդն առանձնահատուկ է, քանի որ պարգևատրվում է այն տարում, երբ ԵՊՀ-ն տոնում է հիմնադրման 100-ամյակը. «Թող ձեր ուսումնառության տարիները նշանավորվեն հաղթանակներով, իսկ ձեր ծնողներն այսօրվա հպարտությամբ հետևեն ձեր բոլոր հաղթանակներին: Դուք եք լինելու Մայր բուհի դեմքն ու դիմագիծը»: Վերջինս դպրոցականներին հանձնեց դիպլոմներն ու գրքերը: «ԵՊՀ օլիմպիադա 2019»-ի «Ֆրանսերեն» առարկայից առաջին հորիզոնական զբաղեցրած Սուսաննա Հարությունյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցի աշակերտուհի է: Սուսաննան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դիմորդ է: «Ես մանկուց երազել եմ սովորել ԵՊՀ-ում: Քայլ առ քայլ իրագործում եմ երազանքս»,- նշեց նա: Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտ Արգիշտի Բիչախչյանին «ԵՊՀ օլիմպիադա 2019»-ին բերել է «Գերմաներենը»: Նրան ուղեկցում էր գերմաներենի ուսուցչուհի Մարինե Կարապետյանը: Ուսուցչուհին գոհ է Արգիշտիի՝ օլիմպիադայում ունեցած արդյունքից: Ըստ Մ. Կարապետյանի՝ առաջին հորիզոնականը սպասելի էր նրա համար.«Արգիշտին խելացի աշակերտ է եղել: Բազմիցս արժանացել է պարգևատրումների, իսկ պատվավոր առաջին հորիզոնականի կոչմանը վաղուց էինք սպասում»: Արգիշտին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիմորդ է: Հիշեցնենք, որ բացի պարգևատրումից՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%։ Նշենք, որ միջոցառման ընթացքում պարգևատրվեցին ոչ միայն «ԵՊՀ օլիմպիադա 2019»-ի հաղթողները, այլև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների այն լավագույն 5 ուսանողները, որոնք Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել են «Հակոբ Կարապենց» հիմնադրամի սահմանած ամենամյա կրթաթոշակին: Պարգևներն ուսանողներին հանձնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր