211652_close_icon
views-count2264 դիտում article-date 18:32 03-06-2019

Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երևանում կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն

Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երևանում հունիսի 9-ին կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն, որին կմասնակցի 5-ից 36 տարեկան մոտ 150 մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ ATF-ը ներկայացնող Սամսոն Գրիգորյանի 15 սան։ Մրցաշարն անցկացվելու է 2 տարիքային խմբով՝ մինչև 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) և 18-ից 36 տարեկաններ։ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հովանավորությամբ ֆեդերացիան մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին կպարգևատրի պատվոգրերով, մեդալներով և նվերներով: Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը, որը կմասնակցի հունիսին Ղրղզստանում կայանալիք Ասիայի առաջնությանը և հուլիսին Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Երկու մրցաշարերին էլ մասնակցելու համար Հայաստանի ֆեդերացիան ունի միջազգային հրավեր։ Մրցաշարի ընթացքում տեղի կունենան նաև պրոֆեսիոնալ մենամարտեր, որոնք անց են կացվելու գործարար Էդգար Ավետիսյանի հովանավորությամբ։ Պրոֆեսիոնալ մենամարտերը տարբերվելու են սիրողականներից ռաունդների քանակով և տևողությամբ։ Մրցաշարին ներկա կլինեն միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողներ Արամայիս Օհանջանյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Կարեն Ներսեսյանը և Ալբերտ Սարգսյանը, ովքեր մասնակցելու են պրոֆեսիոնալ մարտերին։ Պայքարն ավելի թեժ կլինի հատկապես պրոֆեսիոնալ մարտերում, քանի որ նշվելու է միայն քաշային կարգի վերին սանդղակը և մարզիկները չեն կրելու պաշտպանիչ գլխարկներ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 9-ին՝ «Աշխատանքային ռեզերվներ» մարզադահլիճում։ Ժամը 11։00-ին տեղի կունենա կշռման արարողությունը։ Բացման արարողությունը և եզրափակիչ մենամարտերը՝ ժամը 13։00-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր