211652_close_icon
views-count2091 դիտում article-date 20:54 01-06-2019

Արցախի պետնախարարն ընդունել է Աբխազիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։ Պետական նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մարզական կարևոր միջոցառումն ամրապնդելու է Արցախի և Աբխազիայի մարզական ու մշակութային կապը՝ այդ բնագավառներում հետագա շփումներն ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարով: «Սպորտը միավորելու հատկություն ունի: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն էլ, Արցախը ճանաչելի դարձնելուց բացի, արցախցիներին ու հյուրերին իրական տոն պարգևելու նպատակ ունի»,- իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը: Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն հույս է հայտնել, որ տոնն իրականում կհաջողվի և պատրաստակամություն է հայտնել խորացնելու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Հանդիպման վերջում երկուստեք կարևորվել է նաև փոխադարձ այցերի ակտիվացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: **** Պատվիրակությունը Ստեփանակերտում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Նմանատիպ նյութեր