211652_close_icon
views-count34182 դիտում article-date 12:30 01-06-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. քաղաքացին, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է խանութ ներխուժած դանակի սպառնալիքով վաճառողուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարողին, ով ժամեր առաջ էլ կողոպուտ է կատարել

Երեկ՝ մայիսի 31-ին, ավազակային հարձակում և կողոպուտ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ-սրահ է մտել մի քաղաքացի, գնումներ կատարելու պատրվակով մոտեցել է կոշկեղենի տաղավարին, որտեղ բռնել է վաճառողուհի՝ Մասիսի բնակիչ, 37-ամյա Լարիսա Ռ.-ի պարանոցից, դանակը դրել պարանոցին և պահանջել գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին խանութում գտնվող մի քաղաքացի, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է հանցագործին, այնուհետև ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները այդ անձին բերման են ենթարկել Մասիսի ոստիկանության։ Պարզվել է, որ նա Մասիս քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Զոհրաբ Վարդանյանն է, ով վնասազերծվելու պահին վայր է ընկել և դեմքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործին վնասազերծել է Մասիս քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ալիկ Ռուշանյանը, ով, երբ փորձել է վնասազերծել դանակով զինված հանցագործին, նա դիմադրություն է ցուցաբերել, որից հետո Ա. Ռուշանյանը ուժ է կիրառել։ Մինչ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն էր տարվում, Մասիսի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Զ. Վարդանյանը Մասիս քաղաքում նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում կողոպուտ է կատարել։ Նա հետապնդել է Մասիսի բնակիչ՝ 56-ամյա Սաթիկ Ս.-ին և Մասիս քաղաքի Նոր թաղամասի «Ինեսա» սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 10 հազար դրամ չափի գումար։ Քննիչի որոշմամբ Զ. Վարդանյանը ձերբակալվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր