211652_close_icon
views-count5109 դիտում article-date 10:24 01-06-2019

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՏԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ

Աստծո հրաշք օրերից մեկն է եղել աշխարհում ու հայտնվել ես դու հրաշքի նման: Եկել ու հավատի, լույսի, օրհնանքի ու մեծ սիրո խոսք ու մեղեդի ես բերել մարդկանց՝ շոյել լսելիքը, մաքրել հոգիները: Դեռատի աղջնակդ նախ մտել ես սուրբ տաճար, հավատավորի երկյուղածությամբ, նարեկյան Աստվածամոր «ծով աչքերդ» հառել առ Աստված, ու «Սուրբ, սուրբ» է կաթկթել սուրբ տան կամարների տակ ու կամարներից դուրս նաև: Եվ այդ պահից հասկացանք տողը նարեկյան ու ապրեցինք տողը նարեկյան. «...Ահա կաթիլ մի կաթին քումք կուսութեան հանձն իմ անձրեւեալ...»: Այդ ինչ կախարդական զանգակ էր, գուցեև «...աստվածային ձայնին վայրէջք»-ն էր և այսպիսի պահի էր ծնվել մեծարենցյան տողը՝ «Ու տե՜ս, ահա, կը մանկանամ Աստվածամար...»: Ու ծովացած քո սրբությունը հասավ բոլորին և քեզ ո՞ր մի լսողը չմանկացավ, չմաքրվեց, ո՞ր մեկի հոգին չդարձավ աստվածարյալ: Դու եկար մի օր, երբ մաքրեմատուր մեղեդին, մեր հազարամյա արյունից ծնված հոգևորը մարում-մարմրում էր դողդողացող մոմերով և խնկահոտով լեցուն հինավուրց կամարների տակ: «Դուն աստվածային գեղեցկության արփավո՜ր հարս», այդ ինչ աստվածային ուժ կար քո փխրուն ներաշխարհում, որ կարողացար՝ միս-մենակ, այդ գանձերը մեր հոգևոր, բերել աշխարհ, բերել մեզ ու տանել ամենուր՝ ուր կանք մենք, ուր կարոտած սիրտ կա հայի, ու ամեն տեղ՝ առ Աստված ու ամեն տեղ՝ առ ա՛զգը հայոց երգեցիր: Եկար ու սիրեցիր բոլորին ու բոլորը՝ քեզ: Սիրեցեք զմիմեանս,_ երևի այսպես է լինում: Եվ ո՞վ չտեսավ, ի սկզբանե, որ երբ շարժվում ես մարգարտափայլ գեղեցկությամբ, քայլերի հետ շողն է կաթում քո ոտերից, այդ կաթկթող շողը չէ՞ր, լույսի շողը, որ բաժին հանեցիր բոլորին: Ու բոլորը, լույսովդ ողողված, բոլորը քե՛զ դարձան ու լո՛ւյս, լո՛ւյս, Լուսինե կանչեցին... Եվ ո՞վ կիմանա թիվը այն Լուսինե-ների, որոնք կոչվեցին քո սիրույն, թիվն այն ստեղծագործությունների, որոնք նվիրվեցին, ձոնվեցին քեզ, թիվը քեզ պաշտողների, ո՞վ կիմանա... Այն ի՞նչ Կոմիտաս էր քո շուրթերին, դու տեսե՞լ էիր նրան վերին կապույտներում, այն ի՞նչ աստվածային զրույց էր մեր մեծ ու ամենասուրբ նահատակի հետ: Միշտ թվացել է, թե «Անլռելի զանգակատունը» ունի նաև կոմիտասյան սիրույն վայել մի չքնաղ կերպար, մանավանդ, երբ սևակյան մորմոքուն հարցն է հնչում. Ասա, վարդապետ, Ո՞վ է քո սերը... ...Ոչ, նա չէր կարող Չլինել կյանքում, Նա պիտի լիներ... Եվ միշտ այդ սերը ներկայացել է ինձ քո՛ կերպարանքով: Գուցե դու նաև մեր հոգևոր մեծ սերն էիր... Ո՞վ գիտի... Աստծո հրաշք օրերից մեկն է եղել աշխարհում, հայտնվել ես դու հրաշքի նման, եկար, երբ այնքան քո կարիքը կար մեզանում... Եվ ո՞վ է ասել, թե հրեշտակները տարիք ունեն... [color=#EF2929]Սվետլանա ԽԱՆՈՒՄՅԱՆ[/color]

Նմանատիպ նյութեր