211652_close_icon
views-count2474 դիտում article-date 22:04 31-05-2019

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։ Նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի դպրոցներում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով հայկական կողմը մասնագետներ կտրամադրի։ Անդրադարձ է եղել նաև բուհական և գիտության բնագավառում համագործակցության հարցերին, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում փոխգործակցությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները քննարկել են նաև տարբեր ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծման հնարավորությունը՝ փորձի փոխանակման և առկա խնդիրների լուծման նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ամառային դպրոցների հարցը. Արդյունքում` օգոստոսին մի քանի տասնյակ վրացի աշակերտներ կայցելեն Հայաստան, մասնավորապես, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ՀՀ աշակերտները կլինեն Վրաստանի ամառային դպրոցներում: Անդրադարձ է եղել նաև ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հայաստանյան հաջողված փորձին և դրանք Վրաստանում ներդնելու հնարավորություններին: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեությանը, գեղարվեստական գրքեր նվիրել դպրոցի գրադարանին։ Գրադարանի աշխատակիցները, երախտագիտություն հայտնելով նախարարին, նշել են, որ հենց մանկական գեղարվեստական գրքերի կարիք գրադարանը շատ ուներ։

Նմանատիպ նյութեր