211652_close_icon
views-count2603 դիտում article-date 23:06 30-05-2019

Երևանում մեկնարկել է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի բացմանը նշանավոր երաժիշտներ Մարտին Ֆրուտիգերը, Շմավոն Գրիգորյանը, Բլանկա Կերեկեշը, Ագատա Իգրասը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր Դավիթ Ալեքսանդր Ռահբի) կատարեցին Հարությունյանի, Վիվալդիի, Շտրաուսի ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը, որի նպատակներից է երախտիքի խոսք ուղղել Ալեքսանդր Հարությունյանին և նոր շունչ հաղորդել նրա գործերին, մեկնարկեց մայիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Այսօր ելույթ են ունենալու հրաշալի մենակատարներ: Պատիվ եմ ունեցել ուսանել Մարտին Ֆրուտիգերի դասարանում: Նա եզակի արտիստ է, վարպետ, հեղափոխական երաժիշտ: Նրան հյուրընկալելը մեզ համար մեծ պատիվ է»,-նշեց ֆագոտահար, փառատոնի տնօրեն և գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը: Անդրադառնալով Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությանը՝ նա ասաց, որ փառատոնի շրջանակներից դուրս էլ միասին աշխատելու հնարավորություն է եղել: «Կամերային նվագախմբի հետ փորձել ենք կատարել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճախ չեն հնչել Հայաստանում: Փողային գործիքների տարածումն իրական է դարձել նաև Կամերային նվագախմբի միջոցով»,-ընդգծեց Գրիգորյանն ու հավելեց, որ իրենց մշտապես աջակցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Նվագախմբի կազմում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ով ասաց, որ իրեն շատ է դուր գալիս Հայաստանի մշակութային անցուդարձը, և ուրախ է, որ հայաստանյան բեմում հանդես գալու հնարավորություն ունի, այդ իսկ պատճառով բավականին լարված է: «Կարծում եմ՝ Հայաստանում երաժշտարվեստը բարձր մակարդակի վրա է: Երաժշտությունն ասես ձեր արյան մեջ լինի: Դուք հրաշալի եք և՛ ջազ, և՛ փոփ, և՛ դասական ոճերում: Առհասարակ, Հայաստանը հրաշալի երկիր է: Շեշտեմ, որ այս փառատոնին մասնակցելու են իմ հայրենակից երաժիշտները, և ես երազում եմ, որ մեր երկրների միջև մշակութային համագործակցությունը հաճախակի բնույթ կրի, որ ճապոնացիները ծանոթանան և գնահատեն ձեր երաժշտական ավանդույթները»,-նշեց դեսպանն ու շնորհակալություն հայտնեց Շմավոն Գրիգորյանին փողային գործիքների հրաշալի փառատոնը նախաձեռնելու և կյանքի կոչելու համար: Այս տարի փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը. համերգային ծրագրեր են նախատեսվում Գյումիրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Համերգներին հնչելու են ինչպես Ալեքսանդր Հարությունյանի, այնպես էլ այլ նշանավոր կոմպոզիտորների գործեր: Փառատոնի շրջանակում Ցյուրիխի «Տոնհալլե», Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի բարձրակարգ երաժիշտները վարպետության դասեր են անցկացնելու տարբեր երաժշտական հարթակներում` իրենց գիտելիքները փոխանցելով երիտասարդ երաժիշտներին: Փառատոնը, որն անցկացվելու է մայիսի 30-ից հունիսի 5-ը, իրականացնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր