1673 դիտում
12:19 30-05-2019
Հայկական պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Առևտրի կարողությունների և ստանդարտների կոմիտեի տարեկան նստաշրջանին
2019թ. մայիսի 28-ին Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE-ՄԱԿԵՏՀ) Առևտրի կարողությունների և ստանդարտների կոմիտեի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված` «Հայաստանի Հանրապետության առևտրի կարգավորիչ և ընթացակարգային խոչընդոտների վերացում՝ կարիքների գնահատում» ուսումնասիրությունը` համապատասխան խորհուրդներով:
Փաստաթուղթը պատրաստվել է ՄԱԿԵՏՀ կողմից` 2017-2018թթ. ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում։ Ուսումնասիրության նպատակն է Հայաստանին տրամադրել տարբեր ուղղությունների վերաբերյալ համապատասխան խորհուրդներ՝ նպատակաուղղված Հայաստանի առևտրի դյուրացման պայմանների բարելավմանը, առևտրի դյուրացմանն ուղղված գործընթացների արդյունավետությանը, տնտեսական զարգացման մեջ առևտրի դերի բարձրացմանը, արտաքին առևտրի խթանմանը, կարգավորիչ ու ընթացակարգային խոչընդոտների վերհանմանը, ներմուծման և արտահանման ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը և այլն, ինչպես նաև ներգրավելու համապատասխան դոնոր կազմակերպությունների՝ վերոնշյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ աջակցություն տրամադրելու նպատակով։
Նստաշրջանին մասնակցել են նաև միջազգային տնտեսական կառույցների, ՄԱԿ ԵՏՀ անդամ այլ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես` Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Սերբիայի արտաքին տնտեսական ոլորտի պատասխանատուներ, որոնք ակտիվորեն մասնակցել են մտքերի փոխանակմանը և մասնագիտական քննարկումներին:
Միջոցառման շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար Ավագ Ավանեսյանը, ինչպես նաև պատվիրակության անդամները` ներկայացնելով իրենց ոլորտային զարգացումներն ու անդրադառնալով ուսումնասիրության արդյունքում կատարված առաջարկներին:
Այցի շրջանակներում կայացել են նաև հանդիպումներ ՄԱԿԵՏՀ աշխատակազմի ղեկավար-Հանձնաժողովի քարտուղարի հետ, ինչպես նաև Իրավական մետրոլոգիայի միջազգային կազմակերպության (OIML) տնօրենի և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) ներկայացուցչի հետ: