211652_close_icon
views-count1512 դիտում article-date 23:19 29-05-2019

Սոֆիայի Ֆրանսիական ինստիտուտում ցուցադրվել է Երևանի Թումո կենտրոնի մասին պատմող տեսաֆիլմ

Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը մայիսի 27-ին Սոֆիայի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջև համագործակցության հեռանկարները» խորագրով տեղեկատվական-մշակութային միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ԲՀ նախագահի աշխատակազմի, ԲՀ փոխվարչապետի գրասենյակի և ԲՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Սոֆիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ և դիվանագետներ, գիտնականներ և հասարակական գործիչներ, լրագրողներ, ՏՏ ընկերությունների փորձագետներ և գործարարներ: Ներկա էին նաև Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդես եկավ համապարփակ ներկայացմամբ՝ ներկաներին տեղեկացնելով ՖՄԿ-ում նախագահությունը ստանձնելուց ի վեր Հայաստանի կողմից իրականացված հիմնական միջոցառումների, տեղի ունեցած կարևոր զարգացումների մասին: Դեսպանը ներկայացրեց նաև ընթացիկ տարվա երկրորդ կեսին Հայաստանում ծրագրված ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումները՝ կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանցում: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Հայաստանը ներկայացնող, ինչպես նաև Երևանի Թումո կենտրոնի մասին պատմող տեսաֆիլմեր: Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան բուլղարահայ ճանաչված երգիչ և երգահան Հայկաշոտ Աղասյանը և իր ղեկավարած մանկական երգչախումբը, բուլղարահայ երգչուհի Ալիս Ինջեյանը, Երևանից ժամանած ջազային կատարողներ Նառա Առաքելյանը և Երվանդ Մարգարյանը: Միջոցառման վերջում կազմակերպվեց ընդունելություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու հայկական գինին և կոնյակը: Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը բերեց ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղը:

Նմանատիպ նյութեր