211652_close_icon
views-count87825 դիտում article-date 15:33 29-05-2019

Արտակարգ իրավիճակ Ստեփանավանի Զինավան թաղամասի բազմաբնակարանային շենքում. անձրևաջրերը տանիքից հասնում են մինչև 1-ին հարկ՝ խարխլելով շենքի հիմքերը. բնակիչների հույսը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Ստեփանավան քաղաքի Զինավան թաղամասի Նժդեհի փողոցի բազմաբնակարանային՝ թիվ 22 շենքի բնակիչներն ամեն անձրևի ժամանակ իրենց բնակարաններում տեղադրում են դույլեր, որպեսզի անձրևաջրերի պատճառով տան գույքը չվնասվի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այս տարվա ապրիլի 20-ից որոշեցին, որ շենքի տանիքը պետք է կապիտալ վերանորոգվի։ Նախկինում տանիքը հարթ էր և ըստ մասնագետների՝ դա իրեն չէր արդարացնում, ու պաշտպանության նախարարությունը որոշել էր, որ շենքի տանիքը պետք է լինի ոչ թե հարթ, այլ թեք, ինչը հնարավորություն կտա շենքը պաշտպանել անձրևից և ձնից։ Բնակիչները ոգևորությամբ էին ընդունել այդ գաղափարն ու անհամբեր սպասում էին, որ կարճ ժամանակում պատասխանատուներն իրենց գործով կապացուցեն, որ «իրենք քամի չեն. «Մի քանի օր սկսեցին աշխատանքները, սակայն արդեն տևական ժամանակ է՝ բանվորները պարտաճանաչ ներկայանում են, սակայն, ըստ բնակիչների տեղեկությունների, կապալառու ընկերությունը ծախսվող նյութերը (մատերիալ) չի բերում։ Գաղտնիք չէ, որ շատերը գիտեն, որ Ստեփանավանը համարվում է անձրևային գոտի, ու հիմա ամեն անձրևի ժամանակ երանի ենք տալիս, որ մի տապան ունենանք՝ պատսպարվենք տապանում։ Անձրևը հեղեղի նման 4-րդ հարկից մինև 1-ին հարկ հոսում է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է փոխհատուցելու այն կրած վնասները, որ մենք ենք կրել»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանց գույները խտացնելու էլ, պարզ երևում է, որ գրեթե բոլոր բնակարանների բնակիչները կրել են վնասներ։ Արդեն 1 շաբաթից ավելի է՝ շատ բնակարաններ զրկված են էլեկտրաէներգիայից։ Մարդիկ մտովի հայտնվել են 90-ական թվականներում։ Բնակիչներն անգամ պատրաստ են՝ իրենք նույնպես ներգրավվեն տանիքի վերանորոգման աշխատանքներում, միայն թե պաշտպանության նախարարությունը հետևողական լինի այս բարի գործը ավարտին հասցնելու ուղղությամբ. «Եթե կարճ ժամանակում (հաշված օրերի ընթացքում) խնդիրը չլուծվի, 4 հարկանի 3 մուտքանի 40 բնակարանների բնակիչները կարող են հանգիստ հայտ ներկայացնել պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին, որ իրենք բնակվում են վթարային շենքում։ Անգամ մանկապարտեզի երեխան գիտի, որ եթե ջուրը որոշ ժամանակ լցվում է շենքերի նկուղները, ապա այդ շենքի հիմքը խարխլվում է; Հիմա ի՞նչ՝ ունքը սարքելու փոխարեն ա՞չքն են հանում։ Ուղղակի զարմանում ենք, թե էդ որ գիտունիկի մտքով անցավ, որ էս օրերին տանիք վերանորոգի։ Մենք նույնիսկ նրանց հուշեցինք, որ ճիշտը աշխատանքներն ամռանը սկսելն է, սակայն մեր խոսքը, ասես, ձայն բարբառո հանապատի։ Հույս ունենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացված չէ այս խնդրին, հակառակ դեպքում հետամուտ կլինի, որպեսզի խնդիրը կարճ ժամանակում լուծվի, իսկ անբարեխիղճ պատասխանատուներին, լավ կանի՝ կալանատուն ուղարկի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր