211652_close_icon
views-count1269 դիտում article-date 18:04 28-05-2019

Խինես Մելենդեսը` Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպման՝ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: ՉԼ եզրափակչի մրցավայր Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքին պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին և կիսվել եզրափակչից իր ակնկալիքներով: [b]-Պարոն Մելենդես, որքա՞ն ժամանակ է, որ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ եք: [/b] - Արդեն շուրջ 10 տարի: [b]- Ի՞նչ է մտնում ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչի պարտականությունների մեջ: [/b] - Տեխնիկական տեսուչները դիտում են խաղերը, վերլուծում դրանք տեխնիկական տեսանկյունից և զեկուցում իրենց տեսածը: Այս ամենի հիման վրա հետագայում կազմվում են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական զեկույցները՝ փաստաթղթեր, որոնք վերլուծում են մրցաշարը տեխնիկական և տակտիկական տեսանկյունից՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների գործողությունների, գոլերի և կարևոր դրվագների վրա: Զեկույցը երկու հիմնական նպատակ ունի. 1. Ապահովել ՈՒԵՖԱ-ի՝ տարբեր կարգի արտոնագրեր ունեցող մարզիչներին տեղեկատվությամբ և նրանց հնարավորություն տալ գիտելիքներ ձեռքբերելու եվրոպական ակումբային մրցաշարերի տակտիկական ամենավերջին տենդենցների վերաբերյալ: 2. Ձևավորել ժառանգություն, այսինքն փաստաթղթավորել մրցաշարի պատմությունը՝ տեխնիկական և տակտիկական տվյալների ամբողջության տեսքով: [b]- Դուք ներկայացրիք պարտականությունների ընդհանրական պատկերը, իսկ ի՞նչ պարտականություններ ունեք՝ կոնկրետ եզրափակչի հետ կապված: [/b] - Այլ տեսուչների հետ միասին դիտելու ենք հանդիպումը, որոշելու ենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Բացի այդ, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի օրից որոշելու ենք մրցաշարի լավագույն գոլերը և կազմելու ենք խորհրդանշական հավաքականը: Որպես տեխնիկական տեսուչ՝ առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը: [b]- Նշեցիք այլ տեսուչների մասին: Ի՞նչ հայտնի անուններ կան ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչների ցանկում: [/b] - Այս տարի այդ բարձր պատվին արժանացել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, գերմանացի հանրահայտ մարզիչ Թոմաս Շաաֆը և այլն: Նախորդ տարիներին ևս կազմը եղել է շատ ներկայացուցչական՝ սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆաբիո Կապելո, Քրիստիան Կիվու, Ռայան Գիգզ, Դեյան Ստանկովիչ և այլոք: [b]-Ի՞նչ սպասելիքներ ունեք եզրափակչից: [/b] - Եզրափակչում «Բարսելոնա»-ին էի սպասում: Կուզեի Մեսսիին հանդիպել, բայց «Լիվերպուլն» արժանի հաղթանակ տարավ: «Տոտենհեմը» ևս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստի շատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի:

Նմանատիպ նյութեր