211652_close_icon
views-count624 դիտում article-date 14:32 27-05-2019

Դեսպան Սմբատյանը մասնակցել է Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագին

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի հրավերով մայիսի 24-ին տեղի է ունեցել Թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը: Պատարագին և եպիսկոպոսական պաշտոնամուտի արարողությանը ներկա են գտնվել Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը (Henriette Reker), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դաշնային, եվրոպական և արտաքին քաղաքական հարցերով նախարար դր. Շտեֆան Հոլթհոֆ-Պֆյորթները (Stephan Holthoff-Pförtner), պատգամավորներ, Գերմանիայի կաթոլիկ և բողոքական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը և այլք: Պատարագի ավարտին ելույթով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհավորելով Սերովբե Սրբազանին եպիսկոպոսական ձեռնադրության կապակցությամբ՝ դեսպանը նշել է, որ հայ ժողովուրդը հպարտ է լինել աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրը. «Այդ հպարտության սիրտը և զարկերակը Հայ Առաքելական եկեղեցին է` իր բազմադարյա պատմությամբ»: Տեղեկանք. Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսոպոսության աստիճան շնորհեց գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանին:

Նմանատիպ նյութեր