56750 դիտում
22:55 26-05-2019
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավիրածություններ է արել՝ պոկելով մի քանի տանիքներ, վնասելով գազախողովակներն ու էլեկտրալարերը. գյուղացիների հույսը ՀՀ կառավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել:
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Խաչատրյանն ասում էր. «Ակումբից շպրտված թիթեղների պատճառով մեծ վնաս է հասցվել մեր տան տանիքին, լուսամուտները, պատուհանների շրջանակները ջարդուփշուր են եղել, վնասվել են նաև տան դարպասները՝ կոտրելով այն:
Մեծ վնաս է հասցվել մեր ընտանիքին պատկանող ջերմոցին, որի ապակիները և հենասյուները ամբողջովին կոտրվել են:
Քամին վնասել է նաև մեր տան մոտով անցկացված գազախողովակը, ինչն էլ պատճառ էր դարձել, որ սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Լավ էր, շատ շուտ ժամանեցին «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները, ովքեր անհրաժեշտ գործողություններ կատարեցին՝ դադարեցնելով գազի արտահոսքը:
Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե «Գազպրոմի» աշխատակիցները օպերատիվորեն են ժամանել, ապա «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները միայն 2 ժամ հետո են գյուղ այցելել: Որոշ տներ էլ հոսանքազրկվել են:
Բնակիչները սպասում են նաև, թե Արմավիրի մարզպետարանից երբ կժամանեն պատասխանատուները: Մի քանի գյուղացիներ էլ ասում էին, որ մարզում շատերն են տուժել քամու պատճառով ու իրենք վարկեր են վերցրել՝ ջերմոցներ են սարքել, ու հիմա քամին իր սև գործն է արել: «Հիմա չգիտենք, արդյո՞ք Արմավիրի մարզպետարանը կամ կառավարությունը մեզ օգնության ձեռք կմեկնեն, որպեսզի փոխհատուցեն մեզ պատճառած վնասները, թե՞ առաջնորդվելու ենք հայտնի «Եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով»: Հուսով ենք, որ կառավարությունը մեզ միայնակ չի թողնի, եթե գան դեպքի վայր, անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն: Խնդրում ենք կառավարությանը, որ սատար կանգնի մեզ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամու առաջացած հետևանքով մարդիկ են տուժել: Կան ևս մի քանի գյուղեր, իսկ Մյասնիկյան գյուղում էլ կարկուտն է իր սև գործն արել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+