211652_close_icon
views-count3167 դիտում article-date 21:23 25-05-2019

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետևաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան. Armtimes.com

Շատ հաճախ անցումային արդարադատություն տերմինում «արդարադատություն» բառի առկայությունը հանրային ընկալումներում թյուրըմբռնման է հանգում, քանի որ արդարադատությունը դատական գործունեության արդյունք է եւ չի կարող իրականացվել այլ կերպ։ Սակայն անցումային արդարադատությունը պետք է հասկանալ լայն իմաստով, այստեղ «արդարադատությունն» ավելի ճիշտ է հասկանալ որպես ոչ ժողովրդավարական կառավարումից ժողովրդավարական համակարգին անցնելու ընթացքում արդարության վերականգնմանն ու հանրային համերաշխությանն ուղղված գործունեություն` ինչպես դատարանների կողմից դասական արդարադատության իրականացման, այնպես էլ՝ օրենքով սահմանված այլ գործիքների օգտագործման միջոցով: Այս մասին նախօրեին Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ, իրավաբան Արթուր Ավագյանը։ Ծավալուն այս քննարկումները Ավագյանը [url=https://armtimes.com/hy/article/162344?fbclid=IwAR00WepArcGzOQYxrnKLe8m27VgFDo5NkEKviHtqyo5jGnZ7yaGEsG54RKA]«Հայկական ժամանակ»[/url]-ի հետ զրույցում բավական հաջողված համարեց՝ նշելով, որ թեպետ մասնագիտական ձեւակերպումները շատ էին, այդուհանդերձ հնարավոր եղավ դրանք հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնել ու ներկայացնել՝ ի վերջո ինչ է անցումային արդարադատությունը։ Ըստ քաղաքագետի՝ կա որոշակի թյուրըմբռնում հենց արդարադատության բառի առկայության պատճառով․ անցումային արդարադատությունը նույնացվում է դասական արդարադատության հետ կամ դիտվում է որպես ալտերնատիվ արդարադատություն․ «Բայց այն ավելի լայն հասկացություն է, քան բուն կլասիկ արդարադատությունը։ Վերջինս անցումային արդարադատության գործիքներից, համալիր միջոցառումներից մի մասն է միայն։ Կլասիկ արդարադատությունն իրականացվում է դատարաններում, իսկ այսօր բավականին շատ խոսվեց վեթինգի մասին, որը դատարաններից դուրս է»,-ասաց Ավագյանը՝ ընդգծելով, որ վեթինգի հանձնաժողովում ապագայում ներգրավվող մարդիկ իրենք էլ նախ պետք է վեթինգի ենթարկվեն։ Ըստ ՔՈ ՍԴԿ անդամ Արթուր Ավագյանի՝ լսումների հենց առաջին հատվածում փորձագիտական բավականին խորքային ելույթներ եղան։ Ավագյանը մասնավորապես հիշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանի ելույթը, որտեղ ներկայացնում էր անցումային արդարադատության վերաբերյալ 200 էջից ավելի ուսումնասիրությունից մի հատված։ Թեպետ, ինչպես Ավագյանը նկատեց, ուսումնասիրվել էր բոլոր երկրների փորձը, բայց միայն այս լսումները բավարար չեն, քննարկումը պետք է հասցնել հանրության լայն շերտերին։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ուշացա՞ծ է այս մեխանիզմը հիմա կիառելը, Արթուր Ավագյանը հիշեց հեղափոխության օրակարգային 5 կետերը՝ դեկապիտալիզացիայի մասին օրենքի ընդունում, կուսակցությունների մասին օրենքի ընդունում, նոր Ընտրական օրենսգիրք, անկախ եւ արդար դատական համակարգի ստեղծում եւ ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրում․ «Այս կետերից գրեթե չորսը մենք տեսնում ենք անցումային արդարադատության կոնտեքստում, մեզ համար այս ողջ մեկ տարվա ընթացքում դրանք չեն դադարել օրակարգային լինել, հիմա էլ ուշացած չեմ համարի։ Ուղղակի պետք էր մի կետից սկսել։ Չեմ կիսում կարծիքը, թե պատճառ հանդիսացան վերջին դատավարական գործընթացները, բայց քննարկումների մասին նույնիսկ կառավարող ուժի նախընտրական ծրագրում էր ներառված, այսինքն՝ աշխատանքներն ընթացքի մեջ են եղել, ուղղակի համընկան գործընթացները»,-ասաց Ավագյանը։ Մանրամասները՝ [url=https://armtimes.com/hy/article/162344?fbclid=IwAR00WepArcGzOQYxrnKLe8m27VgFDo5NkEKviHtqyo5jGnZ7yaGEsG54RKA]սկզբաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր