211652_close_icon
views-count1391 դիտում article-date 10:45 25-05-2019

Համալսարանը պետք է անկախ լինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կարդում եմ 20-րդ դարի շվեյցարացի աստվածաբան Հանս Քյունգի գրքերից մեկը: Հեղինակն իրեն կաթոլիկ է համարում, սակայն իր կրոնի արմատական բարեփոխման և քրիստոնեական այլ դավանանքների հետ մերձեցման կողմնակից է: Այդ հողի վրա նա մշտական գաղափարական կոնֆլիկտի մեջ էր Վատիկանի հետ, որն, ի վերջո, հայտարարեց, որ Քյունգն իրավունք չունի հանդես գալու որպես կաթոլիկ աստվածաբան: Բայց Տյուբինգենի համալսարանին, որտեղ նա աշխատում էր, այդ խնդիրը բացարձակապես չհուզեց, և Քյունգը երկար ժամանակ շարունակում էր ղեկավարել էկումենիկ աստվածաբանության ամբիոնը և էկումենիկ հետազոտությունների ինստիտուտը: Տյուբինգենի համալսարանը, որը հիմնվել է 1477 թվականին, դարերի ընթացքում ազատ մտքի դարբնոց էր, և հոգևոր, ապա աշխարհիկ իշխանությունները հասկանում էին, որ դա անհրաժեշտ է և օգտակար պետության համար: Երևանի պետական համալսարանն այդքան հին չէ՝ ընդամենը 100 տարեկան է: Բայց դա, մեղմ ասած, միակ բանը չէ, որով մեր համալսարանը տարբերվում է Տյուբինգենից: Ինչպես և ցանկացած այլ հետխորհրդային բուհում, այստեղ աքսիոմ է, որ բուհի ղեկավարությունը պետք է լավ հարաբերություններ ունենա օրվա իշխանության հետ: Տրամաբանությունը հետևյալն է. բա մենք (իշխանությունների համար «մենք»-ը պետությունն է) փող ենք տալիս, բա, իհարկե, մեր հետ պիտի լավ լինեն: Վերջին տասնամյակում այդ տրամաբանությունը ձեռք էր բերել «ուսխորհրդական», «բազեյական», «ՀՀԿ-ական» տգեղ ձևեր, երբ պետության առաջին դեմքը և իշխող կուսակցության ղեկավարը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր: Բայց ընդհանուր առմամբ այս և մնացած բուհերի «գաղափարախոսությունն» է սխալ. համալսարանը ոչ մի հարաբերություն չպիտի ունենա իշխանության հետ, այն պիտի լինի կատարելապես անկախ, և ավելին՝ զարգացնի քննադատական, ազատական միտքը, ինչպես որ դա դարերի ընթացքում անում էին Տյուբինգենը, Հայդելբերգը, Ֆրայբուրգը: Արդյո՞ք այդ ճանապարհով է գնալու Երևանի պետական համալսարանը: Առայժմ կասկածում եմ: Առայժմ այլ բնագավառներում «տեղաշարժերն» ինձ հուշում են, որ ՀՀԿ-ական ռեկտորին կփոխարինի «Իմքայլական» ռեկտորը (բնականաբար, չհայտարարելով իր «հովանավորների» և քաղաքական նախասիրությունների մասին), իսկ ՀՀԿ-ական ուսխորհուրդներին կփոխարինեն «ռեսթարթական» ուսխորհուրդները՝ «մենք պայքարել ենք, մենք էլ պիտի իշխենք» տրամաբանությամբ: Համալսարանը պետք է անկախ լինի քաղաքականությունից, իշխանությունից, ընդդիմությունից, և անգամ․․․ հեղափոխությունից: Այնպես չլինի, որ առաջ պատմաբանները և փիլիսոփաները կենտրոնանում էին նժդեհագիտության վրա, իսկ այժմ իրենց ուսումնասիրության հիմնական նյութը կսարքեն 2018 թվականի հեղափոխության «համաշխարհային նշանակությունը»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր