211652_close_icon
views-count1275 դիտում article-date 18:01 23-05-2019

Նախարար Գաբրիել Ղազարյանը չի հանդիպել ՀԲՖ-ի ներկայացուցիչների հետ

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է բռցքամարտի ֆեդերացիայի այն հայտարարությունը, որով ՀԲՖ-ն նախարարին կոչ է արել հեռու մնալ բռնցքամարտից: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է տարածել: Երկու օր է՝ պասսիվ եմ սոցցանցերում, իսկ այսօր առաջին գրառումը, որ կարդացի այդ հայտարարությունն է, որը մեջբերում եմ. «Մայիսի 20-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հրավիրել է խորհրդակցության բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին, որտեղ ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը»: Գրված է նաև, որ Հրաչյա Ռոստոմյանը մարզիչներին հորդորել է, որ Եվրոպական խաղերին մասնակցող թիմի մեջ ներառվեն բռնցքամարտիկներ, որոնք ազգային հավաքականի անդամ չեն և առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշարի և արդյունքներ չեն գրանցել։ Հաջորդ մեջբերումը. «Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին»: Հայտարարության վերջում գրված է. «Հարգելի պաշտոնյաներ Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից և մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ մայիսի 20-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը բռնցքամարտի մարզիչների հետ չի հանդիպել և, բնականաբար, նրանց հետ Եվրոպական խաղերին բռնցքամարտիկների մասնակցության ֆինանսավորման հետ կապված հարցեր չի քննարկել: Ավելին՝ պետական միջոցների օրինական և արդյունավետ տնօրինման և դրանց օգտագործման հաշվետվությունների վերաբերյալ հարցերը դուրս են մարզիչների հետ քննարկվող հարցերի շրջանակներից: Տեղեկացնեմ, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի և բռնցքամարտի մարզիչների հանդիպմանը մասնակցել է բռնցքամարտի պետմարզիչը, որը իր լիազորությունների շրջանակներում քննարկել է Եվրոպական խաղերին մարզիկերի նախապատրաստվելու ուսումնամարզական գործընթացն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարցերը: Ի՞նչ նպատակով է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տարածում այս ապատեղեկատվությունը և ինչո՞ւ է իր հիմնական գործունեությունը՝ մարզիկների համար բնականոն ուսումնամարզական գործընթացի ապահովումը թողած զբաղվում բանսարկություններով: Սրանք հռետորական հարցեր չեն, և ես ակնկալում եմ դրանց պատասխանները»,- ասված է Աստղիկ Մարտիրոսյանի հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր