211652_close_icon
views-count1788 դիտում article-date 15:58 23-05-2019

Կառավարությունն ընդունեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ համակարգի ձևավորման արդյունքում կրճատվելու են հսկայական հանրային միջոցներ, ժամանակ և ստեղծվելու են փոխվերահսկելիության ապահովման մեխանիզմներ: «Կարծում եմ, որ 2023 թվականի կառավարության որոշումների որոնման համար հենց այս շենքից հնարավոր կլինի համաժամանակյա ռեժիմով դիտարկել ՀՀ տարածքի ցանկացած անկյուն»,- ասաց Պետրոսյանը: Հարցի վերաբերյալ առարկություններ ներկայացրեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով ներկայացրեց, թե որն է Անշարժ գույքի կադաստրի հիմնական նպատակը: «Այն, ինչ մեր գործընկերը թվարկեց, ընկնում է քաղաքաշինության մասին օրենքի, քաղաքաշինության կոմիտեի գործառույթների վրա: Մենք այդ գործառույթը չենք կարողանում իրականացնել մի պարզ պատճառով. մենք ունենք կուտակված շատ տեղեկատվություն, այդ շերտերը մեզ մոտ կան, բայց մենք չունենք ամենակարևորը՝ կադաստր, որի վրա կարող ենք դա նստեցնել: Հիմա փոխանակ մեր գործընկերը զբաղվի իր անմիջական գործով՝ այսինքն` կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ: Պարոն Ավինյան, մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք, բայց չգիտես ինչու այսօր առավոտյան հայտնվեց օրակարգում»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշեց. «Նախ եկեք պայմանավորվենք և կոռեկտ արտահայտվենք»: Նա հետաքրքրվեց՝ արդյոք այս հարցը նախարարական կոմիտեով անցել է: Վահագն Վերմիշյանը նշեց, որ իրենք նույն կերպ դեմ էին, քանի որ կարծում են, որ իրենց փաստարկները շատ են: «Մեզնից կարող են կողմ լինել, դեմ լինել, այդտեղ խնդիր չկա, ողբերգություն չկա, բայց եթե նախարարական կոմիտեում հարցը քննարկվել, անցել է և դեմ չի եղել, պետք է ի գիտություն ընդունենք»,- ասաց վարչապետը և հիշեցրեց, որ նախորդ անգամ կային առարկություններ երկու մարմնի կողմից և ԱԱԾ-ին ընդհանրապես չէին հրավիրել, թեև հարցը վերաբերում էր իրենց և ժամանակ տրվեց, որ հարցերը լուծվեն: Վարչապետի նկատեց՝ թեև Քաղաքաշինության կոմիտեն նախարարների կոմիտեի նիստում չի քվեարկում, սակայն եթե նույնիսկ քվեարկեր, կլիներ մեկ դեմ և որոշումը միևնույնն է կանցներ: Փոխվարչապետը Տիգրան Ավինյանը նշեց, որ թեև կադաստրի քարտեզի հետ ունեն խնդիր և պետք է լուծեն, սակայն հավելեց, որ ինքը կողմ է նախաձեռնողական մոտեցմանը և կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնողական է եղել: «Մեզ պետք էր մեռյալ կետից շարժվել և այս շարժումը դրական եմ գնահատում, քանի որ ամեն անգամ պատասխանատվությունն իրար վրա գցելով, ոչ մի տեղ չենք հասնելու»,-ասաց նա: Վարչապետը, ամփոփելով, ասաց՝ քանի որ նախագիծը կոմիտեում ընդունվել է, որոշումը կընդունեն: «Ինձ մոտ կանենք աշխատանքային քննարկում, որ հասկանանք մինչև վերջին դետալը, թե որն է հակասության պատճառը: Եթե պարզվի խնդիրը այնքան բարդ է, որ այլ որոշումով պետք է գնանք, մենք կգնանք այլ որոշումով»- ասաց նա:

Նմանատիպ նյութեր