211652_close_icon
views-count747 դիտում article-date 12:46 22-05-2019

Տերյան 62 հասցեում կփակցվի ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Երևանի ավագանին միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին առաջարկին: «Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում: Լ. Փիրուզյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցերի, կենսաբանական օբյեկտների վրա արտաքին ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմների ուսումնասիրությանը: Լևոն Փիրուզյանը եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ: Ակադեմիկոս Լևոն Փիրուզյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ, նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1975թ.), Հոկտեմբերյան հեղափոխության (1981թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի ( 2008թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի ( 2002թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի ( 1997թ.) շքանշաններով: Լևոն Փիրուզյանը մահացել է 2013թ.:

Նմանատիպ նյութեր