211652_close_icon
views-count1133 դիտում article-date 11:00 22-05-2019

Վերջերս մի քանի տասնյակ հազար մարդ խոշոր իրավաբան դարձավ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Ի տարբերություն ֆեյսբուքյան հոծ զանգվածների՝ ես հարցերի բոլոր պատասխանները չունեմ, և դա վերաբերում է կյանքի ցանկացած բնագավառի: Հատկապես այն ոլորտներին, որոնք հատուկ մասնագիտական պատրաստվածություն են պահանջում: Այդպիսի ոլորտ է, անշուշտ, իրավագիտությունը: Ի տարբերություն լրագրության՝ դա մասնագիտություն է, որը ձեռք են բերում երկարատև ուսումնառության արդյունքում: Մենք՝ լրագրողներս, իհարկե, պարտավոր ենք կարդալ այս կամ այն ոլորտին վերաբերող նյութերը՝ հոդված կամ հարցազրույց պատրաստելիս, բայց մեկ-երկու օրում ձեռք բերված գիտելիքներն ակնհայտորեն բավարար չեն՝ վերջնական դատողություններ անելու համար: Դե, իսկ ֆեյսբուքյան մեկնաբանները չեն էլ կարդում այդ նյութերը, նրանք կարդում են միայն «կիսված» նյութերի վերնագրերը, լավագույն դեպքում դրանց մի քանի տողանոց «անոնսը», իսկ հետո հուզական գրառումներ են անում՝ իրենց ընկալումների շրջանակներում: Մասնավորապես, վերջերս մի քանի տասնյակ հազար մարդ խոշոր իրավաբան դարձավ: Կան հարցեր, որոնք ինձ և, վստահ եմ, բազմաթիվ մարդկանց հուզում են, և որոնց պատասխանը ես չգիտեմ: Եվ այդպիսի մի հարց է՝ ինչ է նշանակում «իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին» սահմանադրական հայտնի դրույթը՝ երրորդ, դատական իշխանության կիրառմամբ: Առաջին երկուսի՝ օրենսդիրի և գործադիրի դեպքում դա, ենթադրենք, հասկանալի է՝ առաջինն ընտրվում է քաղաքացիների մեծամասնությամբ, երկրորդը ձևավորվում է այդ ընտրությունների արդյունքում (ինչը, բարեբախտաբար, տեղի ունեցավ): Իսկ երրորդ իշխանությո՞ւնը: Եթե դատավորները չեն ընտրվում քաղաքացիների կողմից, եթե անգամ չկա քաղաքացիների ներկայությունը երդվյալ ատենակալների տեսքով, ապա ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա մենք կարող ենք պնդել, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին: Կարելի՞ է արդյոք պնդել, որ ԲԴԽ-ն ժողովրդի կողմից ձևավորված մարմին է: Հիմա, ասում են, դա այդպես չէ, քանի որ այդ մարմինը ղեկավարում է Գագիկ Հարությունյանը: Իսկ եթե ԲԴԽ-ն ղեկավարի, ասենք, Նիկոլայ Բաղդասարյանը, հնարավոր կլինի՞ պնդել, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին: Եթե «իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը իրական իմաստ ունեցող դրույթ է, և ոչ թե մանիպուլյատիվ բառախաղ է, որը հրապարակախոսները, քաղաքական գործիչները և իշխանավորները (սկսած մոտավորապես Ժան-Ժակ Ռուսոյի ժամանակներից) օգտագործում են՝ մարդկանց մոլորեցնելու համար, ապա լավ կլինի, որ այդ դրույթը իրագործվի նաև Հայաստանում: Բայց դա, ինձ թվում է, այնքան էլ հեշտ գործ չէ, այն հնարավոր չէ օրերի կամ անգամ ամիսների ընթացքում իրագործել: Ցավոք, մարդկանց մատուցվում են չափից դուրս պարզ լուծումներ, ասվում է այն, ինչ նրանք գերադասում են լսել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր