211652_close_icon
views-count5874 դիտում article-date 22:04 21-05-2019

ՀՀ դատախազությունում բողոք է նախապատրաստվում Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործը կասեցնելու որոշման դեմ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են: Այս իմաստով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է: ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,-գրել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել էր և ուղարկվել Սահմանադրական դատարան:

Նմանատիպ նյութեր