809 դիտում
15:38 21-05-2019
Հանրային խորհուրդը քննարկել է դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը
Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։
Խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ Հնչել են տարբեր կարիծքներ ու դիրքորոշումներ, սակայն շատերը լուրջ մտահոգություն են հայտնել այդ երևույթի վերաբերյալ՝ նշելով, որ նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու և խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, իր կարծիքը հայտնելով Փաշինյանի կոչի, ինչպես նաև դրան հաջորդող ելույթի մասին, մասնավորապես ասել է․
«Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ Դատական համակարգն ամբողջ աշխարհում ծառայում է օրենքին, այն պետք է անկախ լինի թե՛ գործադիր իշխանությունից, թե՛ օրենսդիր իշխանությունից և թե՛ ժողովրդի մեծ կամ փոքր հատվածների ճնշումներից՝ առաջնորդվելով միան օրենքով։ Որոշումների անհամաձայնության դեպքում կան բողոքարկման մեխանիզմներ, և ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի։ Այո, դատական համակարգը մեզ մոտ մտահոգիչ է, բայց այն իդեալական չի նաև ամբողջ աշխարհում, և բարեփոխումներ իհարկե պետք են։ Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն ունի իրավական լայն լիազորություններ, և առանց վեթթինգի կամ անցումային արդարադատության իրականացման այդ խնդիրները կարելի է լուծել»։
Հանրային խորհրդի նախագահը, արտահայտելով իր տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, նաև նշել է, որ դրա անցկացման համար մեր երկրում չկան համապատասխան նախադրյալներ, և այն ավելի շատ բացասական հետևանքներ է թողնելու Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։
Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել վարչապետի ելույթում հնչած՝ Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։
Նա վտանգավոր ու վնասակար է գնահատել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։
Հանրային խորհուրդը քննարկում է ծավալել դատական բարեփոխումների գործընթացի իրավական լուծումների շուրջ։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն այս հարցերի, մասնավորապես անցումային արդարադատության և վեթթինգի վերաբերյալ ներկայացրել է ծավալուն տեղեկատվություն, որից հետո խորհրդի տարբեր անդամներ արտահայտել են իրենց տեսակետները։
Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը որոշել է ամենայն ուշադրությամբ հետևել ՀՀ կառավարության և Ազգային ժողովի նախաձեռնած դատական բարեփոխումների գործընթացին և Հանրային խորհրդի հարթակն օգտագործել մասնագիտական, փորձագիտական քննարկումների կազմակերպման և այդ քննարկումների արդյունքում կառավարությանը դիրքորոշում և առաջարկներ ներկայացնելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
16:41 28-10-2016
Հանրային խորհուրդը քննարկել է կառավարության ծրագիրը և «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը
Այս բաժնից
5842 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
406 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան