211652_close_icon
views-count921 դիտում article-date 18:38 20-05-2019

Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայում հանդիպել է ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի (ՄԱԶԾ) Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԱՌՆ ոլորտում ՀՀ Կառավարության և ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքները և վերահաստատել հետագա գործունեության ուղղությունները։ ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել ՄԱԿ֊ի զարգացման գրասենյակի աջակցությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման ոլորտում: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել 2018 թ. Հայաստանում իրականացված աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Կենտրոնական Կովկասի Տարածաշրջանային պլատֆորմի կազմակերպման գործում գրասենյակի զգալի ներդրման կապակցությամբ։ Առաջիկա անելիքների թվում նախարար Ֆ. Ցոլակյանը ներկայացրել է Հայաստանում հետաղետային գնահատման գործիքների, վերականգնման մոտեցումների և մեթոդաբանության արդիականացման, աղետների կորուստի շտեմարանի էլեկտրոնային համակարգի գործիքակազմի տեղայնացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով լավագույն փորձի փոխանակման և ազգային մակարդակում լուծումների հետագա կիրառման համար հյուրընկալել տարածաշրջանային ֆորում: Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է Ասակո Օկային այցելել Հայաստան և հանդես գալ բացման պաշտոնական արարողության ժամանակ։ Ասակո Օկայը, համաձայնություն հայտնելով ԱԻ նախարարի դիտարկումներին, հաստատել է ՄԱԶԾ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հետագա ծրագրերում, ինչպես կարողությունների զարգացման, այնպես էլ՝ այլ գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատման և խորացման ուղղությամբ։ Ճգնաժամային Բյուրոյի տնօրենի հարցին, թե ինչպիսի ուղերձ կհղեր նախարարը Պլատֆորմի ամբիոնից, նախարար Ցոլակյանը նշել է կառավարության ակտիվ ներգրավվածության կարևորությունն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում։ «Միայնակ որևէ պետական կառույց չի կարող հաղթահարել բոլոր մարտահրավերները, երկրի կյանքին մասնակից յուրաքանչյուր կողմ պիտի հստակ գիտակցի իր պարտավորությունները, և աղետների ռիսկի գիտակցումը պետք է ընկած լինի զարգացման բոլոր ծրագրերի հիմքում», - ընդգծել է նախարարը։

Նմանատիպ նյութեր