211652_close_icon
views-count1667 դիտում article-date 11:37 18-05-2019

Հնգօրյա դասընթաց. Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայիսի 13-ից 17-ը խորացրել են հետբացթողումային աուդիտի վերաբերյալ գիտելիքները: ՊԵԿ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները «Հետբացթողումային աուդիտ» խորագրով հնգօրյա աշխատաժողով են անցկացրել կոմիտեի ուսումնական կենտրոնում: Քննարկվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրով հետբացթողումային աուդիտի իրականացմանն առնչվող դրույթները և ռիսկերի կառավարման քաղաքականությանը, նախաաուդիտային հետաքննության մեթոդներին առնչվող հարցեր: Գործնական աշխատանքներ են կատարվել տվյալների նախաաուդիտային վերլուծության և թիրախային խմբերում իրականացվող աուդիտի վերաբերյալ: ՀՄԿ փորձագետները ներկայացրել են նաև հետբացթողումային աուդիտի ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայեցակարգ: Աշխատաժողովին մասնակցել են ՊԵԿ հետբացթողումային հսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունների, ինչպես նաև Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչությունների 22 աշխատակիցներ: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի կարծիքով աշխատաժողովը մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու լավ հնարավորություն է, քանի որ հետբացթողումային հսկողության ուժեղացումը կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է. «Գործընթացը շարունակական է լինելու. պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի հետբացթողամային հսկողության վարչության մասնագետներն ուղիղ կապ հաստատեն առաջավոր երկրների մաքսային մարմինների գործընկերների հետ»: ՀՄԿ փորձագետ Յասուիտո Սակամոտոյին տպավորել են ՊԵԿ-ում ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը. «Բազմաթիվ երկրներում եմ եղել. Հայաստանում ես տեսա լավագույն օրինակը: Աշխատաժողովի ընթացքում խմբակային վարժություններ, քննարկումներ, լավագույն փորձի և գործնական դեպքերի ուսումնասիրություններ ենք կատարել, որոնց արդյունքում ես նույնպես շատ նորություններ եմ բացահայտել, և կարող եմ փոխանցել ՀՄԿ-ի շրջանակում աշխատանքների բարելավման համար»: Աշխատաժողովի ավարտին ՀՄԿ փորձագետները հավաստագրեր են հանձնել մասնակիցներին:

Նմանատիպ նյութեր