211652_close_icon
views-count1818 դիտում article-date 10:49 18-05-2019

Պատն ընդդեմ պատի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ով մերոնքական է, նա անթերի է, մաքուր է, պարկեշտ է, նրան բոլոր պարագաներում պետք է խրախուսել և գովել, եթե անգամ մի փոքր սայթաքում է, միևնույն է՝ էլի պետք է սատարել, չէ՞ որ մեր թիմի անդամ է: Ով մերոնքական չէ, նա ծախված է, հանցագործ է, նրան պարտադիր պետք է լավագույն դեպքում նվաստացնել, քարկոծել, իսկ ընդհանրապես՝ վառել և կախել: Իսկ ով հայտարարում է, որ ոչ այս կողմից է, ոչ էլ այն, նա կեղծավոր է, երեսպաշտ է, փարիսեցի է, նրան նույնպես, ի վերջո, պետք է դասել վառելու ենթակաների շարքին»: Ծանո՞թ դիրքորոշում է: Սա ընդդիմության «կրեդոն» է՝ սկսած մոտավորապես 1992 թվականից: Երբ 2007 թվականի աշնանը Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, նա առավել «բյուրեղացրեց» այդ մտածելակերպը, որն արդյունքում իր արտահայտությունը գտավ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է» բանաձևի մեջ: Իհարկե, իշխանության անհեռատես, ամբարտավան, հաճախ՝ անմեղսունակ կեցվածքը դրա համար պարարտ հող էր ստեղծում: Բայց մի բան է, երբ այդ բանաձևով է առաջնորդվում ընդդիմությունն՝ իր կողմնակիցներով, մեկ այլ բան է, երբ նույն կերպ են մտածում նաև իշխանավորներն իրենց երկրպագուներով: Եվ քանի որ նրանց հետ սուր հակադրության մեջ է ոչ թե ընդդիմությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի», այլ նախկին իշխանության առավել ագրեսիվ և անհանդուրժող կողմնակիցները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ամեն ինչից երևում է, որ այդ երկու բանակները որոշել են գնալ, եթե ռուսերենից բառացի թարգմանենք, «պատն ընդդեմ պատի»: «Մենք հաղթել ենք և եկել ենք, որ ձեզ ոչնչացնենք», – ըստ էության, ասում են նիկոլականները: «Մենք էլ լավ ենք արել, որ մարդկանց ահաբեկում էինք, սպանում ու բանտեր էինք նետում, լրատվամիջոցներ էինք փակում՝ այդպես էր պետք, որ գանք, նույնն ենք անելու», – ակնարկում են քոչարյանականները՝ դատարանում իրենց «շեֆի» ռազմատենչ ելույթներից ոգևորված: Այդպիսի մթնոլորտում հասարակական համերաշխությունը պահպանելու ցանկացած փորձ հանդիպում է այդ քաղաքականացված զանգվածի բուռն դիմադրությանը: Այո, ուժերի փոխհարաբերությունը մոտավորապես 80/20 է՝ հոգուտ նիկոլականների, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ դիմակայությունը վտանգավոր չէ: Եթե փորձեք ասել, որ Քոչարյանն իրավունք ունի պաշտպանվելու բոլոր օրինական ճանապարհներով, և նրա դեմ կայացված դատավճիռը պետք է անթերի լինի, նիկոլականները ձեզ կմեղադրեն Քոչարյանին ծախվելու մեջ: Եթե փորձեք պնդել, որ Երկրորդ նախագահի դարաշրջանն ամենևին դրախտային չէր, քոչարյանականները ձեզ կմեղադրեն Նիկոլին ծախվելու մեջ: Անձամբ ես մեղադրանքներին հանգիստ եմ վերաբերվում, բայց ինձ նման մտածող մարդիկ վախենում են իրենց կարծիքն արտահայտել, վախենում են ոչ թե իշխանության հետապնդումներից (որոնք, բարեբախտաբար, չկան), այլ բևեռացված հասարակական կարծիքից: Դա է ամենավտանգավորը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր